Hraparak.am-ը գրում է.

Մի քանի օր է, ինչ կարդում եմ Քրիստինե Պեպելյանի մասին նյութերը: Եթե անկեղծ,այդ աղջիկն ինձ դուր է գալիս իր համեստ ու զուսպ պահվ0ածքով և նրան չեմ ուզում ընդհանրացնել մյուսների հետ: Գուցե սխալ եմ, բայց յուրաքանչյուր մարդ առաջնորդվում է իր ճանաչողության զգայարաններով: Ես հասկանում եմ և՛ նրանց, ովքեր Քրիստինեի բարեգործական քայլը համարում են աստղերի հերթական շոու, ախր նրանցից լավ բան համարյա չեն տեսել ու առաջնորդվում են տեսածի փորձով, և՛ նրանց, ովքեր փորձում են պաշտպանել երգչուհուն… Կփորձեմ խոսել այս երկուսի միջակայքում: Երեկ կարդացի Արթուր Հայրապետյանի հարցազրույցը Քրիստինեի հետ ու իմ մեջ մի կարևոր բան տպավորվեց: Ուզում ընթերցողիս հետ կիսվել:

Լսենք Քրիստինեին.

«Մարդը, երբ տեսակ է ձևավորում, թե ինչ միջավայրում է մեծանում, արժեքներ է ինքն իր մեջ կրում, ամեն բան գալիս է հենց այդտեղից: Ես չեմ ապրել ապահով ընտանիքում: Ապրել եմ սիրո մեջ: Ապրել եմ մի միջավայրում, որտեղ ինձ շատ են սիրել: Ամեն օր քնել ու արթնացել եմ մայրիկիս համբուրելով: Մայրս ինձ սովորեցրել է, որ մարդկանց սիրել է պետք»:

Ուրիշ բան պետք չի: Մեր հարաբերությունները կյանքի և մեզ հետ ձևավորվում են վաղ մանկությունից՝ մեզ շրջապատող մեծերի ազդեցությունից: Եթե դու մեծացել ես սիրո մեջ, դու ընդունակ չես չարանալ, ատել մարդուն: Դու հաշտ, ներդաշնակ ես քեզ հետ: Դու չես տառապում թերարժեքության բարդույթով: Իսկ եթե մեծացել ես ատելության մթնոլորտում, ուր սերը բացակայում է, քո մեջ նույնի անդրադարձն է՝ ամեն ինչի մեջ փնտրել վատը: Մի անգամ չարացած մեկի հետ մտերմիկ զրուցեցի: Նա միշտ վատ ստատուսներ էր գրում, բոլորին խառնում իրար: Երբ հարցրի՝ ինչպիսի՞ն է եղել քո մանկությունը, աչքերը լցվեցին.

-Ծնողներս միշտ կռվում ու ծեծում էին միմյանց ու չեմ հիշում, թե մայրս կամ հայրս երբևէ համբուրած լինեն ինձ: Միայն վիրավորում, կոպտում էին: Նա, իհարկե, չհասկացավ, թե ինչու այդ հարցը տվի իրեն, բայց ես տեսնում էի դժբախտ ծնողների վարքագծի արձագանքը աղջկա կերպարում: Նա էլ ուրիշներին է վիրավորում, չարանում, եթե խորանայի, համարյա նույն բառերով էր բնորոշում «իր զոհերին», ինչ բառերով իր ծնողներն էին բնորոշում իրեն: Իսկ Քրիստինեն, ինչպես ինքն է ասում. «Ես չեմ ապրել ապահով ընտանիքում: Ապրել եմ սիրո մեջ »:

Սիրո մեջ ապրողը սեր է վերադարձնում, որովհետև սերն իր մեջ ներծծված է նեկտարի պես ու հյուսածը մեղր է լինում: Ես չեմ ուզում անդրադառնալ նրա արած կամ չարած որևէ բարի գործի վրա, որովհետև ավելի քան համոզված եմ, որ մարդկային առումով նրա տված բերքը միշտ օգտակար է լինելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել