Panorama.am-ը գրում է.
Առաջիկա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին Երևանում էլ պատրաստվում են տոնել հելոուինը: Մայրաքաղաքի հատկապես կենտրոնում գտնվող խանութներից շատերի ցուցափեղկերին տոնի համար նախատեսված դիմակներ են փակցված: Վերջին տարիներին Հայաստանում էլ սկսել են «տոնել» այն:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն անգամ բազմաթիվ առիթներով, տարբեր եկեղեցականների միջոցով հայ ժողովրդին տեղեկացնում է և հորդորում, որ այդ օտարածին տոներն այնքան էլ բարի չեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:
Նա նկատել է, որ վերջին տարիներին հայերիս մեջ հսկայական տարածում ունի օտար տոներին նվիրվելու անհասկանալի ձգտումը:
«Զարմանալին թերևս այն է, որ այդ տխրահռչակ գործընթացին ընթացք տվողներն անգամ տարրական գաղափար չունեն, թե իրենք ինչպիսի կործանարար բովանդակություն ունեցող տոների են մասնակցում: Այս «ախտով վարակված»` մեծ թվով հայեր իրենց հոգեհարազատ են համարում երկրագնդի արևելյան և արևմտյան հատվածներում տարածված մի շարք տոներ, որոնք, համաձայն վերջիններիս կարծիքի, գեղեցիկ են, բարի են և հաճելի տրամադրություն են ստեղծում»,-նշեց քահանան:
Նրա խոսքով, եթե նրանք այդ տոները տոնում են բարի մղումներից ելնելով, դա դեռ չի նշանակում, որ այդտեղ թագավորում է բարությունը. «Մեր եկեղեցու տոները քի՞չ են, չե՞ն բավականացնում…Ես վստահ եմ, որ եթե մենք հետևողական լինենք Հայ Եկեղեցու որդեգրած ավանդույթներին ու տոներին, ժամանակ չենք ունենա անգամ մտածելու այլ տոների մասին»:
Տեր Համբարձումը մտավախություն ունի, որ մի քանի օրից մեզանից շատերը, հավանաբար, դարձյալ կտարվեն այդպիսի տոներից մեկով, որը հանրության մեջ հայտնի է Հելոուին անունով. «Իռլանդական և Շոտլանդական ծագում ունեցող այս չարաբաստիկ երևույթը, որ մատնացույց է անում չարին, ձգտում է ձևախեղել շատ քրիստոնյաների՝ նրանց զգեստավորելով սատանայական հագուստներով և կերպարանքներով: Չէ՞ որ կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է»:
Եկեղեցականը հիշեցրեց Սուրբ գրքում գրվածի մասին. «Սուրբ Գիրքը Պողոս Առաքյալի բերանով մեզ խրատում և ասում է. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է…»(Ա Տիմոթեոս 4.1,2)»: Ուրեմն` եկե՛ք հեռու մնանաք չարություններից, կախարդություններից և սատանայություններից, միասին ոչ ասենք այդ չարաբաստիկ տոներիին և հորդորենք մեր ընկերներին ու հարազատ մարդկանց հեռու մնալ անբովանդակ տոներից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



