Tert.am-ը գրում է.
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով խաղողի մթերման խնդրին, ասաց, որ այս պահին 300 տոննա տեխնիկական խաղող կա այգիներում, որը անձրևների պատճառով մնացել է:
«Մեզ մտահոգում են այն գումարները, որոնք գյուղացին չի ստացել, գարնանը մեծ ական կլինի, երբ գյուղացին գումարը պահանջի: Մենք էլ հետևողական կլինենք՝ արդյո՞ք գործարարները ժամանակին կմուծեն գումարները, Էկոնոմիկայի նախարարությունն էլ իր խոսքը պետք է ասի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գինուն, Հրաչ Բերբերյանն ասաց, որ եթե հանկարծ այս տարվա պես պահեստում գինի մնաց, հաջորդ տարի խաղողի մթերումը կձախողվի: Ըստ նրա՝ այսօրվանից պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն տանել:
Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ Ռուսաստանում հայկական գինին վաճառվում է վեցից ութ դոլարով, թեև մեկ շշի հումքը 120-130 դրամ է, իսկ բուլղարական գինին, որը հայկական գինուն համահունչ որակ ունի վաճառվում է շատ ավելի մատչելի գնով:
«30 հազար տոննա խաղող այս տարի կպահեստավորվի, հատկապես քիշմիշն է շատ պահեստավորվում։ Կարծում եմ՝ ձմռանը հինգ հարյուր դրամով բոլորս խաղող կուտենք»,-ասաց նա:



