Հագին քրջեր ու հնոտի՝

Թափառում է փողոցներում,

Լքված, մենակ ու անոթի՝

Անցորդներից հաց է մուրում:

Կամ կուչ եկած մի պատի տակ,

Որտեղ մարդկանց հոսքն է եռում,

Ափն է պարզում նա գլխահակ

Եվ ինքն իր մեջ է սևեռվում:

Կամ երգում է անցումներում՝

Հայացքն հեռու, անգո կետի...

Նրա ձայնի ցնցումներում

Կա տխրահեծ մի մեղեդի...

Ինչպե՞ս է նա այդտեղ հասել,

Այդ խելացի մանչը սևաչ...

Ո՞վ է նրան անեծք ասել,

Լեղի՜ դրել խեղճի առաջ...

 

Ունեցել է հայր աժդահա

Եվ մի բարի մայր սիրասուն,

Որ իր պուճուր մանկան համար

Լավ ապագա էր երազում...

Սակայն կռվի արնոտ սայրը

Կտրեց կյանքի թելն անխնա...

Եվ տղայի մտքում  հայրը

Նույն շինելով միշտ կմնա...

Մայրն էլ երկար չդիմացավ,

Ամուսնու մոտ երկիքն գնաց...

Փոքրիկն այսպես շուտ որբացավ,

Աշխարհի դեմ մենա՜կ մնաց...

 

(Իսկ մեր հզո՜ր հանրությունը,

Որ հերոսներ շա՜տ է ծնել,

Չկամեցա՜վ կամ չզորեց 

Մի որբուկի պահել-սնել...)

Ինչպե՞ս ապրեր անտուն մանչը

Անտանելի մանկությունը...

Իր հետ լինի Աստծո աջը,

Թե չէ՝  սու՜տ  է«մարդկությունը»...

(Թե չէ՝ մերոնց գործն ու բանը

Իրար հետ թե ճամփա գնան,

Պետք չի՜ լինի, որ անտերը

Միայն Աստծո՛ հույսին մնա):

 

... Կամաց-կամաց տվեց-առավ,

Ողբով երգեց հիշատակը,

Ու մուրացիկ մի օր դառավ,

Որ լավ տեսնի մեր հատակը...

Թե չէ՝ լա՜վն է մակերեսը,

Երբ ամեն ինչ շող ու փայլ է,

Երբ մեր, հենց մեր այս երեսը

Կեսից մարդ է, կեսից գայլ է...

... Փողոցներում՝ մեծ, աղմկոտ,

Որտեղ որ մեր կյանքն է հոսում,

Մենակ շրջում է վարանոտ

Եվ աչքերով մեզ հետ խոսում...

 

(C) Միքայէլ Սարգիս, 2000

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել