Գրիգոր Նարեկացին Խոսրով Անձևացու որդին է: Կրթությունը ստացել է իր ժամանակ հռչակված Նարեկավանքի դպրոցում, որի վանահայրն էր իր մոր հորեղբայրը՝ Անանիա Նարեկացին: Հետագայում Գրիգորը դարձավ այդ վանքի սյուներից մեկը: Մեզ են հասել նրա անվան հետ կապված մի քանի ավանդություններ, որոնք վկայում են Նարեկացու շնորհների և սրբակեցության մասին: Զուր չէ, որ տակավին կենդանության օրոք նրան կոչում էին հրեշտակ՝ մարմնի մեջ:
Ս. Գրիգոր Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր ու տաղեր, Երգ երգոցի մեկնությունը, ինչպես նաև նոր շունչ և կյանք է հաղորդել հայ միջնադարյան երգարվեստին: Սակայն նրա գլուխգործոցը հռչակավոր «Մատյան ողբերգության» պոեմն է՝ «Նարեկը», որը սիրելի աղոթամատյան է յուրաքանչյուր հայ հավատացյալի համար: Այդ գրքի հետ կապված բազմաթիվ հրաշագործություններ են կատարվում մինչև օրս:
Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը և Մատյանի առաջին գլխի տիտղոսաթերթը
Երևան, ձեռ.1568, էջ 7բ-8ա, «Նարեկ» («Մատյան ողբերգության»), 1173 թ.
Գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Մլիճեցի




