Իր առաջիկա՝ հոկտեմբերի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը քննարկելու է ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Դքսության կառավարության միջև 2000թ. նոյեմբերի 21-ին նախաստորագրված «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի վերանայված նախագծի կնքման նպատակահարմարության հարցը: Առաջարկը նախաձեռնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ակնկալելով, որ փաստաթուղթը կնպաստի երկու երկրների կանոնավոր օդային հաղորդակցության ոլորտի հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը:
Բացի այդ, նկատի է առնվել այն հանգամանքը, որ վերը նշված նախաստորագրված համաձայնագրի մի շարք դրույթներ հակասում են 2009թ. նոյեմբերի 12-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցության որոշ ասպեկտների մասին» համաձայնագրին:
Մասնավորապես, ավիաընկերությունների նշանակման մասով հաշվի չեն առնված ԵՄ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, լրամշակման կարիք ունեն ավիացիոն և թռիչքային անվտանգության հոդվածները: Անհրաժեշտաբար հիմք է ընդունվել 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:
Այս ամենի թելադրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերանայել և լրամշակել է փաստաթուղթը՝ նոր քաղաքականության և Եվրոպական համայնքի հետ կնքված վերոհիշյալ համաձայնագրի դրույթներին համապատասխան: Եվ քանի որ ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը նույնպես դրական է, հարցի քննարկման ժամանակ որևէ այլ հանգամանք չառաջանալու դեպքում ՀՀ կառավարությունը համաձայնություն կտա համաձայնագրի կնքման առաջարկությանը: