Աստղաբանության վերաբերյալ նյութերի հեղեղ է համացանցում, հեռուստատեսությամբ, թերթերում, բայց մեծ մասամբ միստիցիզմի, տարօրինակ տերմինների առատության, չհասկացված նյութի անճաշակ մատուցման արդյունքում ստացվում է, որ աստղաբանությունը կեղծիքի ճահիճ է: Այնինչ ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ, ով ծանոթանա այս գիտության այբուբենի հետ, իմանա նրա հիմնական գործիքների սկզբունքները, կհասկանա, թե ինչ հզորություն է սա: Այդ դեպքում, կհարցնեք՝ ինչո՞ւ է միշտ ավելի գերակայում շառլատանություն լինելու տպավորությունը: Դրան մի շատ տրամաբանական բացատրություն կա: Նկատած կլինեք, որ արևելյան մարտարվեստներում վարպետն աշակերտին անձամբ է հաղորդում ամենակարևոր նրբությունները: Օրինակ՝ մարդու մարմնի վրա կան կետեր, որոնք իմանալով նույնիսկ թեթև հարվածով կարելի է նրան սպանել, բայց քանի՞ հոգի գիտի դրանց հստակ տեղակայումը: Պարզ է, որ եթե դա հեշտ հասանելի լիներ, մարդասպանությունը կդառնար լուցկի վառելու պես բան: Ահա թե ինչու է իսկական, լուրջ գիտելիքը քողարկվում: Ոչ մի խելքը գլխին մարդ երեխային մոտ չի թողնի ատոմային ռումբի կառավարման վահանակին: Համեմատություններս չափազանցված չեն: Իրականում, եթե մեկն իմանա ձեր ծննդյան ճշգրիտ տվյալները, նա կարող է ինչպես մեծ օգուտ տալ, ապագայի մասին հստակ տեղեկություններ տալով, այնպես էլ մեծ վնաս հասցնել, եթե անբարեխիղճ անձ է, քանի որ նրա առաջ դուք անպաշտպան ու մերկ եք, նա կտեսնի ձեր բոլոր թույլ կետերն ու կկարողանա մանիպուլյացիաներ անել, վնասել: Աշխարհի մեծերը երբեք իրենց ճշգրիտ տվյալները չեն ասում ոչ մեկին, բացի ամենավստահելի մասնագետներից:
Ես կողմ եմ աստղաբանական գիտելիքին, բայց դեմ եմ այն էժանացնելուն ու դեղին երանգով հորոսկոպիկներին, որոնք բացի ուշադրություն շեղելուց, ուրիշ օգուտ չեն տալիս մարդուն: Շատերն են վիրավորվում, երբ մերժում եմ նման կարգի տեղեկություն տրամադրել: Ասենք ի՞նչ է սպասվում իրենց մոտակա օրերին: Այստեղ հարցն իմ գոռոզությունը, կամ անտեղյակությունը քողարկելու փորձը չի, այլ այն, որ ես չեմ պատրաստվում մակերեսային, ընդհանուր տեղեկություններ տալ, իսկ լուրջ վերլուծությունը ժամանակ ու ջանքեր է պահանջում, որը գրեթե երբեք չի գնահատվում ըստ արժանվույն, քանի որ հիմնական տպավորությունն այնուամենայնիվ հորոսկոպիկային մակարդակի է: Մարդուն աստղաբանական խորհրդատվություն կարելի է անել ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է: Ուղղակի զվարճացնելու, ապշեցնելու, կամ հետաքրքրությունը բավարարելու համար ես չեմ էժանացնի աստղերի հետ շփումը: Կարող եք ասել մեծամիտ է, ձեր գործն է: Ես իմ տեղում, իմ հնարավորություններով թույլ չեմ տա, որ այս գեղեցիկ, իմաստուն ու շատ խորը գիտելիքն աղավաղված ներկայացնելու փաստերը շատանան: Քանի որ աստղաբանություն են անվանում էլ հիրոմանտիան, էլ նումերոլոգիան, էլ ֆիզիոգնոմիկան, էլ մոգական ռունաները, էլ եսշատգիտեմինչը... Ուրիշ բան է, որ դրանք աստղաբանական գիտության մասեր կարող են անվանվել: Բայց դա նույնն է, որ ասենք օրինակ քիթ-կոկորդի մասնագետը սկսի տրավմատոլոգի բուժում անել, չնայած երկուսն էլ բժշկություն են:
Հաճախ եմ զուգահեռ տանում բժշկության հետ, դա պատահական չէ: Վեդաներում ասվում է, որ աստղաբանը հոգու բժիշկ է: Նա ավելի նուրբ ոլորտների հետ գործ ունի, քան կարող է թվալ: Այդ իսկ պատճառով, ամեն մեկին չի, որ կարելի է վստահել սեփական ճակատագրի վերլուծությունը, կամ ապագան կառուցելու խորհուրդ ստանալու համար դիմել:
Մի դիմեք աստղաբանի այնքան ժամանակ, քանի դեռ չեք սպառել սեփական տրամաբանության և մտավոր կարողությունները: Մի դարձեք խամաճիկ, ենթարկվելով ամենօրյա ցուցումներին: Եղեք ազատ, վստահեք սեփական ուժերին: Դե իսկ, եթե Աստված մի արասցե, այնուամենայնիվ հայտնվել եք իրոք բարդ վիճակում, ապա աստղաբանը կօգնի ուշքի գալ, ընկած տեղից վեր կացնել, թափ տալ շորերն ու ուղղությունը նշմարել, որով պիտի շարունակեք գնալ առաջ: Նա ձեր ձեռքը բռնած չի գալու, ձեր սեփական կյանքն ապրելու գործն ուրիշին մի վստահեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/489997531023529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել