Հայոց պատմությունը լի է եղել դավաճանության հետևանքով պետությունը գլխատելու փորձերով: Պապ Արշակունի թագավորին հայ իշխաններն ու կղերականները բյուզանդական Վաղես արքայի «օրհնությամբ» հրավիրեցին Տերենտիոս կոմսի մոտ և սրախողխող արեցին: Դրանից առաջ նրա հայրը՝ Արշակ 2-րդը, կրկին դարձավ դավաճանության զոհ: Իհարկե, նրան Տիզբոնում ձերբակալեց ու Անհուշ բերդում կալանեց պարսից Շապուհը, սակայն մեծ հաշվով այստեղ կար նաև պարսկասեր նախարարների «գործունեությունը»:
Դրանից ընդամենը մի քանի տարի անց Ձիրավի հերոս Մուշեղ սպարապետին սպանում են Պապի դրանիկ գնդի արդեն նախկին հրամանատար Բաթ Սահառունու հրահանգով, որի հետևանքով Հայքը զրկվում է զորական անվիճելի հրամանատարից:
Բագրատունյաց իշխանության ժամանակ էլ կարելի հիշել Ցլիկ Ասպրամ նախարարի վրեժն Աշոտ Երկաթի հանդեպ և կամ Վեստ Սարգիս վաճառականի և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի՝ Անիի հանձնումն ու թագավորության վերացումը...
Անցնում են տարիներ, Հայաստանը կրկին վերականգնում է պետականությունը, բայց այս անգամ արդեն Կիլիկիայում: Եվ կրկին դավաճանություն՝ կղերականների և պալատականների անմիջական հրահանգով կրկին սրախողխող է արվում իշխանաց իշխան Մլեհը, որի վրեժը լուծվում է տարիներ անց՝ իր եղբորորդի իշխանաց իշխան Ռուբենի և նրա եղբայր, հետագայում մեծ արքա Լևոն 2-րդի կողմից:
Մի քանի հարյուր տարի անց Սյունիքում Ագուլիսի սեպուհ Միհրանը, կաշառված թուրքերի կողմից, քնած ժամանակ գլխատում է Սյունիքի և Արցախի գահերեց իշխան Մխիթարին:
Կրկին մի քանի հարյուր տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին գնդակահարում են Անկախ Հայաստանի խորհրդարանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201164272347010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել