16 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ աննախադեպ մի ահաբեկչություն, որն անվերադարձ կերպով փոխեց մեր երկրի զարգացման ընթացքը: Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վարզգեն Սարգսյանը:
Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերհիշում է այդ սարսափելի օրն ու ներկայացնում իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ:
«Այդ լուրը բոլորին շոկի մեջ գցեց: Ես ուշագնաց չեմ եղել, որովհետև երկար սպասողական վիճակ էր, մինչև վերջ հույս էի փայփայում: Սպանությունը կատարվել է ժամը 5-ն անց, բայց ես դրա մասին իմացել եմ, ժամը 10-ին, որովհետև մինչև այդ տարբեր լուրեր էին հաղորդում: Ես գնացի Ազգային ժողովի շենքի մոտ, սակայն ինձ այնտեղից ներս չթողեցին, վերադարձա, որպեսզի գոնե հեռուստացույցով հետևեմ, հեռուստացույցով միշտ ինչ-որ հուսադրող լուրեր էին հաղորդում՝ անընդհատ սպասողական վիճակ էր: Կարծես թե ինձ քիչ-քիչ պատրաստում էին դրան, իսկ երբ որ Մոսկվան ժամը 22:00-ին հաղորդեց, որ, ցավոք սրտի, Հայաստանի երկու լիդերներն էլ զոհվել են… ես միանգամից հարված ստացա, ուշագնաց չեղա, ասում են՝ գոռում էի, վազում էի… ես չեմ հիշում:
Ցավ էի զգում, բայց էլի չէի հավատում: Բայց իրականությունը համոզեց, երկար ժամանակ… մինչև հիմա էլ չեմ համակերպվել: Որ ասում են՝ ցավը մոռացվում է՝ ճիշտ չէ, ցավը կարող է բթանա, իհարկե, այն սուր վիճակը չի, բայց չի մոռացվում: Ես գնալով համոզվում եմ, թե ինչ մեծ կորուստ էր: Նա բարի անունով, բարի համբավով անմահացավ, ամեն ինչը փոխվեց, բայց անունը մնաց: Դա հասարակական առումով, իսկ անձնական առումով՝ իմ ընտանիքի, ինձ համար որևէ բան չի փոխվել՝ ցավը բթանում է, բայց երբեք դուրս չի գալիս քեզանից: Ես հիմա նրա անհրաժեշտությունը շատ եմ զգում, թե՛ ընտանիքի, թե՛ հասարակության համար նման մարդիկ շատ են պետք, հատկապես կրիտիկական պահերին: Ու ես դրա հետ եմ կապում նաև, որ անընդհատ հիմա հետաքրքրվում են Կարեն Դեմիրճյանով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: