1. Բացակայում է պատմական գործընթացների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այսինքն՝ թեմաները հաջորդում են իրար, բայց բովանդակային առումով կտրված են և դուրս շղթայի տրամաբանությունից: Օրինակ` երեխաներն այդպես էլ չեն կարողանում մինչև վերջ պատկերացնել, թե ինչ կապ ունեն իրար հետ պետականության կորուստը, Հայկական հարցը, ազգային-ազատագրական պայքարը, Ցեղասպանությունը և այսպես շարունակ: 
2. Ռազմահայրենասիրական ճոռոմաբանությունների և ավելորդաբանությունների առկայությունը կանխարգելում է նյութի՝ ըստ էության ընկալումը: 
3. Պատմական գործընթացների կրոնականացումը: Գերագնահատված է Հայ առաքելական եկեղեցու դերը և նշանակությունը: 
4. Գրեթե բոլոր դասագրքերում նյութը թույլատրելի չափաքանակից ծանրացված է: Երեխաները վերածվել են թիվ անգիր անող ռոբոտների, այն է` որքան թիվ ես անգիր հիշում, այնքան ավելի լավ պատմություն գիտես: Թվերն էլ քիչ էին, հիմա էլ ստիպված են ամսաթվեր անգիր սովորել: Չեմ կարծում, որ երեխաներին այդքան անհրաժեշտ է անգիր հիշել Ակտիումի, Չալդրանի, Պուատիեի և այլ ճակատամարտերի ամիս-ամսաթվերը:
5. Եվ ամենաէկզոտիկ բացթողումը, որն իրականում կոպտագույն սխալ է: Դասագրքերում մի քանի անգամ շեշտադրվում է այն հանգամանքը, թե ռուսներն ազատագրել են Արևելյան Հայաստանը և նույնիսկ մի քանի անգամ էլ փորձել են ազատագրել Արևմտյան Հայաստանը: Խոսվում է ռուսական փրկության, հայ-ռուսական բարեկամության և այսպիսի կեղծ երևույթների մասին: Առանց տրամաբանական կապի շարադրված է Առաջին Հանրապետության անկումը, Արցախի, Նախիջևանի, Կարսի և Ջավախքի կորուստները, որից հետո միանգամից սկսվում է Խորհրդային վարդագույն իրականության նկարագրությունը: Իսկ 9-րդ դասարանի գրքում կարծես թե ընդհանրապես Գարեգին Նժդեհը և Զանգեզուրի գոյամարտը բացակայում են` մի քանի խղճուկ բառ և ոչ ավելին, փոխարենը` Ստալինը և կոլեկտիվացումը, Ստալինը և ինդուստրացումը ներկայացված են այնպիսի խանդավառությամբ, որ ընթերցողի մոտ ցանկություն է առաջանում վերապրել այդ տարիները:

Դասագրքերի մի մասը գրվել է Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի կողմից, իսկ մյուս մասը՝ նրա անմիջական վերահսկողությամբ: 
Չնայած հեղինակը մեր իրականության խոշորագույն պատմագետներից մեկն է և անուրանալի ներդրում ունի հայագիտության, ժողովրդագրության ոլորտներում, Ջավախքի և Արևմտյան Հայաստանի խոշոր ուսումնասիրողներից մեկն է, բայց ամեն դեպքում դասագրքերը գտնվում են այսպիսի անմխիթար վիճակում: 
Առաջարկում եմ կամ դրանք վերանայել, կամ էլ վերաշարադրել և այդ գործը հանձնարարել նոր սերնդի պատմագետներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել