Ինչո՞ւ չեն գրում հայատառ... Պարզ է, որ հարցն ուղղված է հայախոս հասարակությանը: Եվ իսկապես, ինչո՞ւ սոցկայքերում չեն գրում հայատառ: Դա արդեն դարձել է կարծես թե սովորական. մշտապես առնչվում ենք այն իրաղության հետ, որ հայ օգտատերերի որոշակի մասը համացանցում գրում է ոչ թե հայատառ, այլ լատինատառ: Կարծում եմ՝ հիմնականում ուղղակի նայում են հարմարությանը, իսկ լատինատառը, ըստ իրենց, ավելի հարմար է: Անձամբ ես չեմ կարծում, որ դա այդպես է: Ավելին ասեմ, հավատացեք, որ այդ լատինատառ հայերենն ուղղակի անընթեռնելի է, և գրվածն էլ շատ դեպքերում ամբողջությամբ հնարավոր չի հասկանալ: Կան նաև փարձագիտական կարծիքներ, որ լատինատառն օգտագործելու այդ սովորությունը շատ վտանգավոր է և կարող է ի վերջո հայոց լեզվի ուղղագրության մոռացության բերել:

2000-ականների սկզբին աշխատում էի մի ամերիկյան ծրագրում, որի առաքելությունն էր Հայաստանի դպրոցներում ամբողջական կահավորված համակարգչային դասարաններ բացել՝ ինտերնետի տրամադրումով: Փաստացի զրոյից երեխաներին (նաև դպրոցների ուսուցիչներին) ուսուցանվում էին համակարգչային գիտելիքներ և համացանցից օգտվելու հմտություններ: Ծրագրերն այնպես էին նախատեսված, որ աշակերտներն այդ դասարաններում համակարգիչների վրա պարտադիր պետք է աշխատեին միայն հայերեն տառատեսակներով, իսկ լատինատառն ու կիրիլիցան ուղղակի բացառվում էին: Երեխաները սովորում էին նաև մասնակցել օնլայն քննարկումներին, և այդ ամենը՝ պարտադիր հայերենով:

Հիմա նորից վերադառնանք մեր այսօրվա խնդրին: Ինչպես իմ լավագույն ֆեյսբուքյան ընկերներից մեկն ասեց վերջերս՝ «եկեք ճիշտ օգտագործենք մեզ տրված այս գլոբալացման գործիքը՝ ինտերնետը, և գրենք հայատառ»: Ավելացնեմ իմ կողմից. վերջապես տեր կանգնենք մեր հայկական լեզվամտածողությանը. հենց դա է ազգային ինքնության պահպանման կարևորագույն գրավականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել