Մոսկվայում ծնված ու այնտեղ Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ մարզվող, Ռուսաստանը ներկայացնող հայ գեղասահորդուհի Եվգենյա Արմանի Մեդվեդևան, ում հայրական ազգանունը Բաբայան է, 16 տարին կբոլորի նոյեմբերի 19-ին, ընթացիկ մրցաշրջանում փայլուն է հանդես գալիս: Նրա հայկական արմատների մասին տեղեկությունն, ի դեպ, հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նաև Երևանում հյուրընկալված լեգենդար ռուս մենասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր, նախկինում հայտնի գեղասահորդ Արարատ (Արի) Զաքարյանը:
Մեր հայրենակցուհին 2015թ մարտի 2-8-ը Տալլինում անցկացված աշխարհի պատանեկան (մինչև 19 տերականների) առաջնությունում աղջիկների մենասահքում 192, 97 արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոնուհի:
Նա բոլորովին վերջերս էլ նոր մրցաշրջանի՝ 2015/2016թթ ISU Challenger Series 2015/2016 շարքի հոկտեմբերի 1-3-ը Մեդվեդևան Բրատիսլավայում (Սլովակիա) ընթացած Ondrej Nepela Trophy 2015 մրցաշարի կանանց մենասահքում 21 մասնակիցների պայքարում 183,94 արդյունքով գլխավոր մրցանակը նվաճեց:
Եվ ահա երեկ Եվգենյան նոր նշանակալի հաջողություն արձանագրեց: Դեռատի հայուհին, ով ներկայումս արդեն ռուսական գեղասահքի ծագող աստղ է համարվում, կանանց մենասահքի «Գրան Պրիի» 1-ին փուլի՝ Skate America–ի մրցաշարում, որ ընթացավ հոկտեմբերի 22-25-ը ընթացավ ամերիկյան Միլուոկիում, 12 ուժեղագույն, հանրահայտ գեղասահորդուհիների պայքարում 206,01 միավոր ցուցանիշով հաղթող ճանաչվեց:
Ծանրակշիռ այս հաղթանակի արժեքը պատկերացնելու համար նշենք, որ մեր հայրենակցուհին իրենից ետ թողնեց համապատսախանաբար 2-րդ և 3-րդ տեղերը գրաված անվանի գեղասահորդուհիներ 19-ամյա ամերիկուհի Գրեյսի Գոլդին (202,8միավոր) և կանանց աշխարհի փոխչեմպիոնուհի, 17–ամյա ճապոնուհի Սատոկո Միահարային (188,07 միավոր), իսկ ահա Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, 17-ամյա ռուսաստանցի Յուլյա Լիպնիցկայան (170,63 միավոր) միայն 6-րդն էր:
Եվգենյայի համար սա մեծահասակների շրջանում հաշվարկված առաջին լուրջ մրցաշարն ու, թերևս, մինչ այս հասած ամենանշանակալի հաջողությունն էր:
Նրա կամավոր ծրագրի բեմադրող-խորեոգրաֆը՝ Իլյա Ավերբուխը, հայտնում է, որ պատանեկանից մեծահասակների մրցասպարեզ անցման ընթացքում հայ գեղասահորդուհին սրընթաց կերպով առաջադիմում է, ու այս փայլուն ելույթն արդեն գործնականում 50 տոկոսից ավելի ապահովեց նրա մասնակցությունը «Գրան Պրիի» Բարսելոնում տեղի ունենալիք եզրափակիչ փուլին:
«Գրան Պրիի» մրցաշարքում նրա հաջորդ մեկնարկը կլինի նոյեմբերի 20-22-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրի փոքր մարզապալատում անցկացվելիք «Ռոստելեկոմի» գավաթի՝ Rostelecom Cup 2015 խաղարկությունում:
Իսկ տարվա վերջին էլ Եվգենիայի համար լուրջ փորձություն կլինի դեկտեմբերի 23-27-ը Եկատերինբուրգում տեղի ունենալիք մեծահասակների Ռուսաստանի առաջնությանը մասնակցությունը:
Հավելենք նաև գեղասահքի ՌԴ-ի ֆեդերացիայի պաշտոնական կայքին՝ fsrussia.ru–ին տված հարցազրույցում հայ գեղասահորդուհին ինքն իրեն այսպես է բնութագրել.
«Ես շատ լավ տատիկ ու մայրիկ ունեմ: Նրանք շատ լուրջ մարդիկ են և ոչ մի դեպքում կոնֆլիկտի չեն գնա: Նրանք ծագող հիմնախնդիրները ջանում են խաղաղասիրաբար լուծել: Ու ինձ էլ մշտապես դա են սովորեցնում: Սակայն իմ դիմագծերում և բնավորությանս գծերում, բնականաբար, հայրիկիցս փոխանցված տարրեր կան: Եվ քանի որ հայրս հարավցի է, իմ մեջ էլ հարավցու արյուն կա, որը որոշ դեպքերում սկսում է եռալ: Երբ անհրաժեշտ է, կարող եմ խստություն դրսևորել, թեպետ դրա կողմնակիցը չեմ»:



