Էստոնիայի պաշտպանության նախարարությունը քննարկում է Իրաք զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը՝ զինվորներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարին պատրաստելու համար: Այս մասին հայտնում է Postimees թերթը:
Թերթի հաղորդմամբ՝ Էստոնիայի պաշտպանության նախարարությունը զեկույց է պատրաստել, որը կարող է հիմք դառնալ Իրաք զինվորականներ ուղարկելու վերաբերյալ որոշման համար: Որոշումը պետք է ընդունի երկրի խորհրդարանը:
«Զեկույցի համաձայն՝ Աֆղանստանում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում առաքելությունների ավարտից հետո Հետախուզական գումարտակի 600 զինծառայող անգործ կմնան: Մասնակցությունը նոր առաքելությանը կօգներ ներդրում ունենալ գլոբալ համաշխարհային խնդիրների լուծմանը և Էստոնիայի վրա դրանց ազդեցության գործում (ինչպիսին, օրինակ, փախստականների ճգնաժամն է), նաև կօգներ ուժեղացնել երկրի ազդեցությունը միջազգային հարթակում: Այդպիսի առաքելության տարբերակներից մեկն Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է: Միաժամանակ էստոնացի զինվորականները կմասնակցեն ոչ թե ռազմական գործողություններին, այլ կզբաղվեն զինվորների պատրաստմամբ»,- նշում է պարբերականը:
Եթե ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար զինվորականներ ուղարկելու որոշումն ընդունվի, էստոնական ստորաբաժանումը, ամենայն հավանականությամբ, կծառայի Իրաքի կենտրոնական մասում և Անբար նահանգում: Ստորաբաժանման կազմը մշտապես կփոխվի:



