Եթե Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացի եք կամ երիտասարդ ընտանիք, որում ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը, ամուսինների գումարային տարիքն էլ չի գերազանցում 60-ը, կամ երիտասարդ միայնակ ծնող եք և ունեք եկամտի բավարար մակարդակ` ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար, ապա տեսականորեն կարող եք օգտվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրից: Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով` 10.5-11 տոկոսով, որից պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցույց տալիս վարկառուին. Երևանում` 2 տոկոսի չափով, մարզերում` 4: Այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը Երևանում կազմում է 8.5-9 տոկոս, մարզերում` 6,5 տոկոս:
Վարկառուին տրվում է` Երևանում` 11.2 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%-ը, մարզերում` 11.2 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%-ը:
Բայց մի շտապեք ոգևորվել, քանի որ առջևում դժվարին ճանապարհ է: Նախ, եթե ցանկանում եք Երևանում բնակարան ձեռք բերել, ապա պետք է պատրաստ լինեք 30 տոկոս կանխավճար տալու (մարզերում կանխավճարը 10 տոկոս է), ապա պետք է ընտրեք բնակարան, որի արժեքը չի գերազանցում 16 մլն ՀՀ դրամը: Բացի այդ, պետք է ունենաք ամսական առնվազն 300-350 հազար դրամ եկամուտ, որպեսզի պատրաստ լինեք վճարելու վարկը:
Ֆինանսական խորհրդատվություն և անհատական ուսումնասիրություն իրականացնող www.credit.am վարկային գործակալությունը, որը վարկառուի և բանկերի միջև միջնորդ կազմակերպություն է, համագործակցում է ծրագրի հետ: Կազմակերպության տնօրեն Աստղիկ Մանուկյանն ասում է, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարում այդ ծրագրով բնակարան ձեռք բերելու համար: «Մեզ էր դիմել մի քաղաքացի, որը բոլոր պայմաններին բավարարում էր,- ասում է Մանուկյանը,- երբ արդեն պետք է վարկը հաստատվեր, պարզվեց, որ նրանց չեն վարկավորում, քանի որ նոր պայման է դրված, ըստ որի` բնակարանի արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ նրանց ընտրած բնակարանը չէր համապատասխանում այդ արժեքին»:
2011 թ. նոյեմբեր ամսի տվյալներով` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ի արժեքը միջինը կազմում էր 452000 դրամ: Ընտանիքին մերժել էին վարկավորել, քանի որ նրանք Կենտրոնում` Նար-Դոս փողոցում, 1 քմ-ը 452 000 դրամից էժան բնակարան էին գտել: «Այդ մարդիկ երկար ժամանակ փնտրել են, հազիվ իրենց հարմար բնակարան են գտել, 2000 դոլար էլ կանխավճար են թողել, որը, փաստորեն, կորչում է, եթե վարկը չի հաստատվում»,- ասում է նա:
Կազմակերպությունը դիմել է ծրագրի պատասխանատուներին, սակայն նրանց պատասխանել են, թե պայմանը սա է, եթե բողոք ունեք, նամակ գրեք:
Կազմակերպության փոխտնօրեն Նելլի Տոնոյանը նման դեպք էլի է հիշում. ընտանիքը բնակարան էր գտել Քանաքեռում, որը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ամենաէժան հատվածն է: Բնակարանի արժեքը կադաստրային միջին արժեքի հետ համեմատած` բավականին ցածր էր, ուստի նրանց նույնպես մերժել էին վարկ տրամադրել: Իսկ մինչ այդ ընտանիքն անցել էր բոլոր ճանապարհներով, 2000 դոլար կանխավճար տվել` վստահ լինելով, որ չի մերժվելու:
Կազմակերպության մասնագետներն ասում են, որ ծրագրի նախնական փուլում պայմանների մեջ նշված է եղել ոչ թե բնակարանի կադաստրային կամ շուկայական արժեք, այլ պարզապես արժեք:
«Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության տնօրեն Տիգրան Միրզոյանի խոսքով` 2011 թ. մայիսից խաբեություններից խուսափելու նկատառումով որոշ պայմաններ խստացվել են: Նախ` սահմանափակում է դրվել եկամուտների առումով. եկամուտները չպետք է պակաս լինեն 350 հազարից, բայց նաև չպետք է գերազանցեն 500 հազարը: «Եթե ընտանիքը ամսական 500 հազար դրամից ավելի եկամուտ ունի, ապա նա կարող է առանց այս ծրագրի էլ բնակարան գնել` իր ուզած տեղում, իր ուզած գնով»,- կարծում է Միրզոյանը:
Խստացվել են նաև սակագները. եթե նախկինում բնակարանի 16 միլիոն առավելագույն արժեքը սահմանվում էր շուկայական գներով, հիմա` կադաստրային արժեքով, սակայն հաճախ կադաստրայինը չի համապատասխանում շուկայականին: «Այդ սահմանափակումը դրվեց, քանի որ շատ ընտանիքներ բնակարանը գնահատել էին տալիս ծանոթ գնահատողների կողմից կամ էլ վաճառողի հետ պայմանավորվում էին և բոլորովին այլ գին ներկայացնում»,- ասում է Միրզոյանը:
Վերջինս, սակայն, համաձայնեց, որ շատ հաճախ կադաստրային և շուկայական արժեքներն իրար չհամապատասխանելու հետևանքով խնդիրներ են առաջանում: «Մենք փորձում ենք տրամաբանությանը մոտ պայմաններ գտնել, որպեսզի այդ խնդիրը չլինի, բայց առայժմ որևէ լուծում չենք գտել»,- խոստովանեց նա:
Մինչև փոփոխությունները որպես համավարկառու կարող էին հանդես գալ ոչ միայն երիտասարդ ընտանիքի ազգականները, այլև ընկերները, քավորը կամ ուրիշներ: Հիմա պարտադիր է ազգակցական կապը` ծնողներ, քույր, եղբայր, հորաքույր և այլն: «Մի դեպք ունեինք, որ մորաքույրն էր ուզում համավարկառու լինել: Սակայն, քանի որ ազգանունը չէր համապատասխանում ամուսինների ազգանվանը, մերժեցին»,- ասում է www.credit.am կազմակերպության մասնագետը` նշելով, որ երիտասարդ ընտանիքները հիմնականում համավարկառուի միջոցով են բնակարան վերցնում:
Այստեղ էլ մի ուրիշ խնդիր է առաջ գալիս. ՀՀ համապատասխան օրենքով` վարկառուն վարկի ժամկետի մարման վերջին չպետք է 65 տարին գերազանցած լինի: Ծրագրի պայմանով` հիմնականում համավարկառուի հնարավորություն են ստանում ծնողները: Եվ քանի որ հիփոթեքային վարկերը տրվում են 10-15 տարի մարման ժամկետով, ապա նրանց տարիքը վարկի մարման ժամանակ 65-ից ցածր չի լինում, ուստի նրանց մերժում են:
Մասնագետն ասում է, որ սկզբում բազմաթիվ զանգեր էին ստանում, մարդիկ շատ հետաքրքրված էին ծրագրով, իսկ հիմա զանգում և ասում են. «Էն բլեֆ ծրագիրը իրոք գործում ա՞, կամ ունեցել ե՞ք դեպքեր, որ վարկ են տվել»:
www.credit.am-ի մասնագետները վերջերս դիմել են Հանրային խորհրդին` ծրագրի պայմանները վերանայելու, թերություններն ու բացթողումները քննարկելու և միահամուռ ուժերով կառավարությանը նոր լուծումներ առաջարկելու նպատակով: Գործընթացն արդեն սկսված է, բայց թե ինչ կփոխվի այդ քննարկումների արդյունքում, պարզ չէ:
Նշենք, որ թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և թե՛ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով` ծրագիրը շատ արդյունավետ գործում է` հատկապես մարզերում: Եթե նախկինում եղել են որոշ խախտումներ, ապա վերջին փոփոխություններից հետո դրանք էլ են վերացել: Տիգրան Միրզոյանի խոսքով` պայմանների խստացումից հետո վարկավորման քանակական որոշակի նվազում եղել է, սակայն այժմ աստիճանաբար վերականգնվում է:
Փոխարենը www.credit.am-ի մասնագետներն ասում են, որ անցյալ տարի մինչև փոփոխություններն իրենք 7 հաջողված դեպք են ունեցել, սակայն դրանից հետո իրենց միջոցով ոչ մի ընտանիք չի վարկավորվել: «Փաստորեն, գործնականում դա գրեթե ոչ ոքի հասանելի չէ,- ասում է կազմակերպության տնօրեն Աստղիկ Մանուկյանը,- այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է վարկը չտալու համար: Հասկանալի է, որ խստացումներն արվել են, որպեսզի ծրագրից ապօրինաբար այլ մարդիկ չօգտվեն, բայց իրականում դրանից տուժում են նաև այն ընտանիքները, որոնք իսկապես դրա կարիքն ունեն»: