Ինչ է իմիջը
«Իմիջ» հասկացությունը ծագել է լատիներեն «imago»` «պատկեր, կերպար, ձև» բառից և ներկայումս ընկալվում է որպես զանգվածային գիտակցության մեջ գոյություն ունեցող որոշակի օբյեկտի կարծրացած կերպար:
Որպես կանոն, իմիջ հասկացությունը վերաբերում է կոնկրետ անձի, սակայն կարող է տարածվել նաև անհատների որոշակի խմբի, կազմակերպության, ապրանքի վրա և այլն: Իմիջի հիմքում ընկած է այն դերերի համակարգը, որոնք անձը խաղում է իր կյանքում: Վերջինս ընդգրկում է բնավորության գծերի առանձնահատկությունները, արտաքին տվյալները, հագուստը և այլն:
PR-ի շատ մասնագետներ այսօր իմիջը սահմանում են որպես գրավչության արվեստ, ուրիշի հայացք, անձի ընկալում ուրիշի կողմից, անհատի հասարակական «ես», նկար դրսից, որը գովազդում է այն, ինչ ներսում է, խոշորացնող հայելի, որն արտացոլում է անձի գործարար և անձնական որակները:
Ինչպես է ձևավորվում իմիջը
Ընդհանրապես իմիջը ձևավորվում է 2 տեսակի ինֆորմացիայի հիման վրա`
1. Ինֆորմացիա, որը հենց անձն է տալիս իր մասին` հագնվելու ոճ, արտաքին տեսք, դիմահարդարում, սանրվածք, վարվելակերպ, խոսելաոճ, ժեստեր, մասնագիտական գրագիտություն, նախաձեռնողականություն և այլն:
2. Միջնորդավորված տեղեկատվություն, այսինքն՝ անձի մասին երրորդ ձեռքից ստացված ինֆորմացիա` ասեկոսեներ, բամբասանքներ, կարծիքներ և այլն:
Հիմա փորձենք այս երկու տեսակի ինֆորմացիաները համադրելով՝ վերլուծել հայաստանյան քաղաքական դաշտում ամենավառ կերպարներից մեկի` Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի կերպարը:
Քանի որ Հայաստանում միջնորդավորված տեղեկատվության, բամբասանքների ու ասեկոսեների ինստիտուտը, մեղմ ասած, ուռճացված է ու գրեթե միշտ չի համապատասխանում իրականությանը, կփորձենք շրջանցել այն և ավելի շատ կենտրոնանալ արտաքին տեսքի վրա:
Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը
Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը, որպեսզի շրջապատի ուշադրությունը չկենտրոնացնի իր հագուկապի վրա, այլ մասնագիտական որակների: Պատասխանը մեկն է` նա պետք է հագնվի գործնական ոճին համապատասխան: Բայց, արի ու տես, որ գործնական ոճ բառակապակցությունը լսելիս մենք միանգամից պատկերացնում ենք անդեմ կանանց և տղամարդկանց` սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով, մեծ գործնական պորտֆելներով, դեմքի ձևին չհամապատասխանող ակնոցներով, ովքեր խոսում են շատ քիչ և հիմնականում շատերի համար անհասկանալի մասնագիտական լեզվով: Ինչ-որ տեղ այս ասոցիացիաները ճիշտ են, որովհետև մենք դա ենք տեսել և՛ մեր շրջապատում, և՛ ֆիլմերում, ամսագրերում ու ամեն տեղ, որտեղ խոսվել է գործնական ոճի մասին:
Իրականությունը փոքր-ինչ այլ է:
Գոյություն ունի գործնական ոճի 3 տեսակ`
- ֆորմալ գործնական կամ Business Forma
- կառավարող (Management ) գործնական կամ Executive business casual (Modern Business)
- ոչ ֆորմալ գործնական կամ Business casual
Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կերպով կարողանում է համադրել գործնական ոճի այս երեք տեսակները:
Ֆորմալ գործնական ոճ
Սա գործնական ոճի ամենապահպանողական, համարձակ քայլեր բացառող և ինչ-որ տեղ ձանձրալի տեսակն է: Այն իրենից ենթադրում է`
- հանգիստ գույներ
- պարտադիր պիջակ. տաբատ+պիջակ, մինչև ծնկները հասնող կամ միդի ուղիղ շրջազգեստ+պիջակ, վերնաշապիկ+կիսաշրջազգեստ+պիջակ
- տաբատը պետք է թույլ լինի և ոչ մի դեպքում չընդգրկի մարմինը
- անկախ եղանակից՝ վերնաշապիկը և պիջակը պետք է երկարաթև լինեն
- զուգագուլպան պետք է լինի մարմնագույն և ոչ մի նախշ չպարունակի
- կոշիկները պետք է լինեն դասական ոճի, անպայման փակ դիմային մասով և ոչ շատ բարձր կրունկով
- այս ոճի ժամանակ մազերը պետք է պարտադիր հավաքված լինեն, ազատ թափված մազերն անընդունելի են: Արփինե Հովհաննիսյանն այս կետը չի պահում, նրան ավելի հաճախ կարելի է հանդիպել թափված մազերով, քան հավաքած սանրվածքով:
- դիմահարդարումը պետք է լինի որքան հնարավոր է քիչ կամ բնականին մոտ՝ «no make-up» make-up: Անթույլատրելի են շրթներկի կամ ստվերաներկի վառ գույները:
- Զարդերը պետք է լինեն զուսպ, փոքր չափերի, գրեթե չնկատվող: Արփինե Հովհաննիսյանն այս կետին ևս միշտ չէ, որ հետևում է, քանի որ նրա զարդերը բավականին աչքի ընկնող և վառ են:
Կառավարող (Management) գործնական ոճ
Այս ոճի դեպքում սահմանափակումները կրկնակի քիչ են: Այստեղ կարելի է ընդգծել անձի անհատական առանձնահատկությունները:
- ողջունելի են վառ գույները և նախշերը, իհարկե չափի մեջ
- պիջակը պարտադիր չէ, դրան կարող է փոխարինել ժիլետը կամ գեղեցիկ գույնի ժակետը
- կիսաշրջազգեստի կամ շրջազգեստի երկարության պահանջները նույնն են, այն պետք է լինի ծնկից կամ շատ քիչ բարձր կամ միդի
- շոգ եղանակին թույլատրվում է կարճ թևերով վերնաշապիկ կամ պիջակ
- զուգագուլպան պարտադիր է, մերկ ոտքերն անթուլյատրելի են
- կրկին ցանկալի է բնականին մոտ դիմահարդարումը, բայց թույլատրելի է նաև վառ շրթներկը
- զարդերը կարող են լինել մի քիչ խոշոր և վառ գույների
Ոչ ֆորմալ գործնական ոճ
Գործնական ոճի ամենաազատ տեսակն է, այն չունի հստակ պահանջներ:
- կտորի, ինչպես նաև նախշերի ընտրությունն ազատ է:
- պիջակի կամ ժակետի առկայությունը պարտադիր չէ:
- կիսաշրջազգեստի և շրջազգեստի երկարության պահանջները նույնն են:
- կոշիկը կարող է լինել բաց դիմային մասով:
- թույլատրելի են վառ գույների շարֆիկներն ու խոշոր վզնոցները:
- դիմահարդարումը կարող է վառ լինել:
Գործնական ոճը ԲԱՑԱՌՈՒՄ Է`
- սպորտային շապիկներ
- տարբեր տեսակի նկարներով ու գրվածքներով շապիկներ
- սպորտային կոշիկներ
- կաշվե հագուստ
- կարճ կիսաշրջազգեստ
- շորտեր
- լեգինսներ
- ջինսեր
Ինչպես տեսնում ենք՝ Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կարողանում է համադրել գործնական ոճի բոլոր 3 տեսակները: Իհարկե, նա դրանք հաճախ է խառնում իրար, բայց երբեք դուրս չի գալիս թույլատրելիի սահմաններից: Նրան այս առումով կարելի է բացառություն համարել մեր կին քաղաքական գործիչների շրջանում:
Մի մոռացեք, որ իմիջը դրսից գովազդում է այն, ինչ ներսում է:
Լուսանկարները` ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից