Դու կարող ես երազել արթնանալու մասին,
Սակայն արթնանալ երբեք չես կարող…
Մեր ապրած կյանքը մղձավանջային երազի է նման, որտեղ խառնաբնդորված և անճանաչելի են դարձած չարն ու բարին, ամբարտավանությունն ու ազնվությունը, պոռնկությունն ու բարոյականությունը, կեղծիքն ու ճշմարտությունը, որտեղ առաջնայնացված է ձևն ու առհամարհված է բովանդակությունը…
Այս կյանք-երազում հրաժարվելով հազարամայակների ընթացքում ձեռք բերված գլխավոր առաքինություններից, մենք յուրացրել և մեր էության մասն ենք դարձրել բոլոր հայտնի մեղքերն ու անիրավությունները, որոնք մարդու մեջ անասնական անհագ ցանկություններ արթնացնելուց զատ, նրան ոչինչ ավելի տալ չեն կարող:
Մարդու մերժելի բնություններից գոռոզությունն ու նախանձը, ագահությունն ու անառակությունը, որկրամոլությունն ու ընչաքաղցությունը, ստանալով այլ մեկնաբանություններ այսօր ներկայացվում են որպես մարդկության ՛՛առաջընթացը՛՛ խթանող գաղափարներ: Այսպես. Ինքնահավանությունն ու գոռոզությունը վերաիմաստավորվել և դարձել են արժանապատվության զգացում, չարությունն ու նախանձը՝ մրցակցության ձգտում, ցանկացած գնով ամեն բան ունենալու ցանկությունն ու ագահությունը՝ հաշվենկատություն, անառակությունն ու պղծվածությունը՝ գենդերային ազատամտություն, որկրամոլությունը՝ համեղաճաշակություն, ընչաքաղցությունը՝ լավ կյանքի ձգտում և այլն, և այլն:
Բացասականից դրականի վերածված այս եղծելի բնավորություններն իրենց հերթին մարդու համար կյանքի այլ նպատակայնություններ, լինելության այլ չափանիշներ են առաջնայնացրել... Այս կյանք-երազում կարևորված են կյանքի վայելքներով փառավորվելու, ցոփ ու շվայտության, միայն մարմնավոր բարգավաճության և ունեցվածքի առատության մասին երազելով օրերն անցկացնելու բաղձանքներն ու ցանկությունները…
Շատերը, ենթագիտակցորեն զգալով այս կացության բովանդակային անիմաստությունը, ցանկանում են սթափվել, արթնանալ ու սկսել ապրել Մարդուն վայել կյանքով, սակայն ինչպես քնային կաթվածի մեջ է լինում՝ արթնանալ չի ստացվում և մենք ավելի ու ավելի ենք խորասուզվում այդ մղձավանջի մեջ, չհասկանալով անգամ, որ այս ուղիով ընթանալիս կործանումն անխուսափելի է…