Որպես կանոն, տարբեր մասշտաբի ընտրություններին իրենց «նժդեհամետ» ծառայության դիմաց տարբեր ռանգի վերադաս պաշտոնյաների կողմից անվերապահորեն հովանավորվում են հանրակրթական դպրոցի «նժդեհամետ» տնօրենները: Այդ վերադասը պարտակում է նրանց խարդախություններն ու կաշառակերության մասին հրապարակումները: Եթե անգամ որևէ տնօրենի են ազատում կամ հրամանով նկատողություն են հայտարարում, հրամանը ստորագրող պաշտոնյաները չեն բարձրաձայնում ազատման կամ նկատողության հիմքերի մասին, որովհետև հասարակությունն անմիջապես ասելու է՝ չէ՞ որ այդ փաստերի մասին վաղուց էինք ասում, դո՞ւք չէիք կրծքով պաշտպանում այդ տնօրենին: Իսկ մինչև նման ապիկար տնօրեններն ազատվեն պաշտոնից, նրանք հասցնում են ավիրել կրթությունը՝ կրճատում են աշակերտների կողմից սիրված, տնօրենի դուդուկի տակ չպարող, բանիմաց ուսուցիչներին, դրանից գոտեպնդվում են ստրկամիտ ու շողոքորթ կիսագրագետները, աշխատավարձի ցուցակներում հայտնվում են տնօրենի՝ դպրոց ոտք չդրած բարեկամներն ու համապատասխան որակավորում չունեցող հարազատները, այսինքն՝ պետբյուջեի գումարները հոսում են տնօրենի գրպան:
Այդպիսիք շատ են՝ կեղծված դիպլոմով մանկավարժ, ով, ստանալով ուսումնական հաստատությունը ղեկավարելու հավաստագիր, դառնում է տնօրեն, ֆինանսական խախտումներ թույլ տված տնօրեն, աշխատանքից ազատված ուսուցչի հրապարակային բացահայտում՝ տնօրենի կողմից կաշառք տալու առաջարկը մերժելու պատճառով, դասարաններում աշակերտների խտությունը գերազանցող տնօրեններ, ԳԹԿ-ի կողմից ընթացիկ գիտելիքների ստուգման խայտառակ արդյունքներ ցույց տվող ու պատասխանատվության չենթարկվող դպրոցների տնօրեններ, տարակարգ ստացած ուսուցիչների, աշակերտների գիտելիքների խայտառակ ցածր ցուցանիշեր: Սա ոչ լրիվ ցանկն է հանրակրթության ոլորտում տեղի ունեցող անօրինականությունների ու խարդախությունների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել