Աշխարհում այնքան զարմանալի ու տարօրինակ երևույթներ կան, որ դրանք արդեն պետք է որ սովորական դարձած լինեին: Սակայն արի ու տես, որ մարդու խելքի թռիչքը (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` անկումը) անվերջ է: Ստորև ներկայացված են ծիծաղելի, անիմաստ և որոշ դեպքերում հիմար գրառումներ ու զգուշացումներ՝ հայտնաբերված տարբեր առարկաների և ցուցանակների վրա:

Այսպես, օրինակ, «Energizer» մարտկոցների տուփի վրա պարզ անգլերենով գրված է. «Կուլ տալուդեպքում անհապաղ դիմել բժշկի օգնությանը»: Կարելի է հետևություն անել, որ գուցե ոմանք փորձել են լիցքավորել իրենց ստամոքսները ստատիկ էներգիայով, այդ պատճառով էլ խեղճ արտադրողները ստիպված են հուշել նրանց մոտակա պոլիկլինիկայի մասին: 

Իսկ այլ՝ անվանումը չճշտված օդափոխիչ-հեղուկացիրի («հայերեն» ասած` освежитель) տարայի վրայի գրառումը զգուշացնում է. «Մի՛ ուղղեք հեղուկացիրը Ձեր աչքերին»:

Ակամայից չարաճճի հարց է առաջանում՝ «Իսկ ուրիշի աչքերին կարելի՞ է»: Պարզվում է՝ այո: Այնպես որ զինվեք ամբիպյուռներով և առա՜ջ…



Շատ հետաքրքիր PR քայլ են մտածել «Kikkoman» սոյայի սոուս արտադրողները: Սոուսի շշերի վրա գրված է. «Պարունակությունը վերջանալու դեպքում լցնել միայն «Kikkoman» սոուս»: Դե գուցեԱմերիայում այս գրառումը անցնում է, բայց այս նույն տրամաբանությամբ ստացվում է, որ երբ հեռուստահաղորդավարն ասում է՝ մնացե՛ք մեզ հետ, երբեք չփոխեք ալիքը:
Ահավոր ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսուռ առաջացնող ցուցանակ է հայտնաբերվել Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի մոտակա մայրուղու մի հատվածում: Նրա վրա գրված է. «Նահանգի բանտ. մի՛ կանգնեք մարդ վերցնելու համար»: Փաստորեն դեպքեր են գրանցվել, երբ բանտարկյալները, սղոցելով իրենց խցերի ճաղերը, ճղճղած սավանի կտորներով պատրաստված պարանով իջել են երրորդ հարկից, անցել են լարման տակ գտնվող պատի վրայով և կանգնել մայրուղու եզրին՝ սպասելով, որ ինչ-որ «գրդոնչի» «փափախ» կանի ու իրենց կհասցնի Ֆենիքս:
Ամերիկայի ճանապարհները ծիծաղելի ցուցանակների գանձարան են: Այդահո նահանգի մայրուղու վրա էլ կարելի է գտնել տուրիստներին զգուշացնող գրառում. «Մի ծիծաղեք բնիկ տեղացիների վրա»: Մեկը լինի հարցնի՝ թե չէ ի՞նչ… Երևի պատասխանը չափազանց սարսափելի է, և այն թողնում են կարդացողի երևակայությանը: Կամ էլ առավել հետաքրքրասերներին, կրկին «հայերեն» ասած, «պռինցիպի» են գցում: Ամեն դեպքում փորձ անողներ հաստատ եղել են, բայց նրանց մասին պատմությունը, ցավոք, լռում է:
Աննախադեպ խորիմաստ մի նախադասություն է զետեղված «Tesco» ընկերության տիրամիսուխմորեղենի տուփի տակ. ուշադրություն դարձրե՛ք «տուփի տակ» բառակապակցությանը: Ինչո՞ւ: Որովհետև գրառումը հետևյալն է. «Գլխի վրա շուռ չտալ»: Փաստորեն երբ կարդաս այդ զգուշացումը, ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել:
Գլոբալիզացիան շարունակվում է: Եթե որևէ մեկը ցանկանա իմանալ, թե որտեղ է արտադրվել իր Fender կիթառը, կստանա հետևյալ տեղեկատվությունը. «Պատրաստված է ԱՄՆ-ում: Մասերը բերված են Ճապոնիայից: Հավաքված է Մեքսիկայում»: Կասե՞ք՝ որ պահն էր «Made in USA»:

շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել