Image result for սահմանադրությունԱնկախ նրանից, թե սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ լավն են, քան թե վատը, ժողովուրդը պետք է ծանոթանա նախագծին: Իսկ ծանոթացնելու լավագույն ձևը տպագրված բրոշյուրները մարդկանց հասցնելն է: Քվեարկության են գնում, չիմանա՞ն, թե ինչին են կողմ, ինչին են դեմ: Հազարավոր բրոշյուրներ են տպագրվել, ինչո՞ւ չեն բաժանվում կրպակների, խանութների կամ գրադարանների միջոցով: Այսօր այցելեցի Լոռու մարզային գրադարանի ընթերցասրահ՝ հուսալով, թե այնտեղ կարելի է գտնել նախագծի օրինակները, բայց այնտեղ էլ չկար: «Իբր որտե՞ղ կա, որ գրադարանում էլ լինի, երևի մենակ քաղաքապետարանում կամ մարզպետարանում»,- ասաց գրադարանում գտնվող ծանոթներիցս մեկը՝ նշելով, որ իրավապաշտպան մի գրասենյակում է միայն տեսել «դրանից»: Անկեղծորեն ասած՝ ես էլ չեմ կարդացել ու ավելի շատ քննադատական նյութերից, ռեպորտաժներից եմ տեղեկանում, թե որքան վատն ու հակաժողովրդավարական է այն: Իսկ այսօր «Ազատություն» ռ/կայանով փոխանցվեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո դատավորներին Ազգային Ժողովն է ընտրելու, ինչը նույնպես ժողովրդավարության սահմանների նեղացում է (դե եթե դատախազին Ազգային ժողովն է ընտրում, ի՞նչն է խանգարում, որ դատավորներին էլ նշանակի կամ ընտրի): Ինձ համար անընդունելի է նաև այն, որ սահմանադրությունը բարեփոխելուց հետո առհասարակ երկրի նախագահ չենք ունենալու. անպրեզիդենտ երկիրն ո՞ւմ է պետք, հիմա մարդիկ գոնե հարկ եղած դեպքում, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են տեղական «ֆեոդալների» կողմից, պրեզիդենտով են «վախեցնում», բա հետո ումո՞վ են վախեցնելու՝ մականունավոր պատգամավորներո՞վ, որոնք, ամենայն հավանականությամբ, անկախ սահմանադրական բարեփոխումներից, վերարտադրվելու են. առավել ևս, որ քրեական հեղինակություն համարվող պատգամավորները կուսակցական ցուցակներով են «սպրդում», իսկ մեծամասնական համակարգը վերանում է՝ ըստ սահմանադրական բարեփոխումների նախագծի:
....Իսկ բարեփոխումների նախագիծն անպայման հասցնել է պետք բնակչությանը. բա կրոնական փոքրամասնությունների չափ էլ չկա՞ն, որ իրենց կրոնական հոսանքի ձայնը ժողովրդին հասցնելու համար հազարավոր բրոշյուրներ են տպագրում ու բաժանում՝ տնետուն ընկած կամ փողոցում հանդիպածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել