Մայրության նպաստ՝ նաև չաշխատող մայրերին. մասնագետի պարզաբանումներըPanorama.am-ը գրում է.

2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում: Որոշումը մի շարք քննարկումների առիթ է տվել, քանի որ շատերը մայրության նպաստը շփոթում են երեխայի խնամքի կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ այս հարցին և ներկայացրեց մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հիմնական իրավակարգավորումները:

Վարչության պետը մանրամասնեց, որ ներկայումս երեխայի ծննդի առնչությամբ պետության կողմից տրվող նպաստները երեքն են:

Առաջինը հղիության և ծննդաբերության դեպքում տրվող մայրության նպաստն է, որը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը հատկացվելու է միայն աշխատող մայրերին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից նաև`չաշխատող մայրերին: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է.

-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):

-155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:

-180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:

Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ:

Երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, որը տրվում է բոլոր ընտանիքներին` անկախ մոր աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: Այս նպաստի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում:

Երրորդը երեխայի խնամքի համար տրվող նպաստն է, որը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:

Այսպիսով, «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության արդյունքում մայրության նպաստ կտրվի ոչ միան աշխատող, այլ նաև չաշխատող մայրերին:

Անահիտ Գալստյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից, հետևաբար, չաշխատող մայրը նպաստի իրավունք ունի, եթե նրա «հղիության և ծննդաբերության արձակուրդի» սկիզբը հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ «Այդ ամսաթիվը պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որպես հղիության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության սկիզբ»,- ասաց նա:

Վարչության պետի խոսքերով՝ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը և վճարումը, ինչպես և աշխատող մայրերինը, հիմնված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա: Նրանք ևս աշխատող մայրերի նման իրենց նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այդ թերթիկը չաշխատող մոր անձնագրի (նույնականացման քարտի), ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա` բուժհաստատության (որտեղ նա ծննդաբերել է) տնօրենի ստորագրությամբ հաստատված և կնիքով վավերացված պատճենի հետ չաշխատող մայրը կամ այլ անձպետք է ներկայացնի չաշխատող մոր հաշվառման (բնակության) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնի սահմանված ձևի դիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել