Երեկ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում շարունակվող շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում ՌԴ-ի չեմպիոն Նովոսիբիրսկի «Սիբիրը», որի կազմում հանդես են գալիս աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու այդ կոչման գլխավոր հավակնորդներից մեկը` Լևոն Արոնյանը, մրցաշարի թերևս ամենակենտրոնական մրցամարտում 3,5:2,5 հաշվով պարտության մատեց ստուգատեսի գլխավոր ֆավորիտ համարվող ադրբեջանական «Սոկարին»: Վերջինս, որի կազմը աշխարհահռչակ գրոսմայստերներով է համալրված ու ասես աշխարհի հավաքականն է հիշեցնում, մինչ այդ գերազանց էր հանդես գալիս ու «Սիբիրի» նման 4 անընդմեջ հաղթանակ էր տարել, այս անգամ չկարողացավ դիմակայել ՌԴ-ի չեմպիոնին: «Սիբիրի» կազմում հատկապես նշանակալի ու վճռորոշ եղան 1-ին խաղատախտակի վրա Կրամնիկի սպիտակներով բուլղարացի Վեսելին Տոպալովի, իսկ 3-րդ խաղատախտակի վրա Ալեքսանդր Գրիշչուկի, վերջերս ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացած իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ տոնած հաղթանակները, և իհարկե 2-րդ խաղատախտակի վրա Արոնյանի սևերով խաղացած ոչ-ոքին ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում իրենից 2 աստիճանով վեր կանգնած ու հիմա 5-րդ տեղում ընթացող հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մրցամարտի մյուս երեք պարտիաներն էլ բավական հետաքրքիր ու լարված ընթացք ունեցան: Դրանցում «Սոկարի» կազմում ելույթ ունեցող անգլիացի Մայքլ Ադամսը պարտության մատնեց չինացի Լի Չաոին, իսկ Վան Յու–Ռաջաբով և Կորոբով–Մամեդյարով պատրիաներում ոչ-ոքիներ գրացվեցին:
Այս՝ արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո «Սիբիրը», որ այժմ ստուգատեսում անպարտելի մնացած միակ թիմն է, շրջանցեց մինչ այդ 22 երկրի 50 թիմերի պայքարում մրցաշարային աղյուսակը գլխավորող գերհզոր կազմն ունեցող «Սոկարին», ու թիմային՝ 10, անհատական՝ 22 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: ՌԴ-ի չեմպիոնին հետապնդող 8 թիմեր հավասարապես 4-ական հաղթանակ են տարել ու 1-ական պարտություն են կրել, առաջատարից ետ են մնում թիմային 2 միավորով:
Այսօր տեղի ունենալիք նախավերջին՝ 6-րդ տուրում Կրամնիկի, Արոնյանի ու Գրիշչուկի «Սիբիրը» մրցելու է բավական ուժեղ կազմ ունեցող և «Սոկարից» (2771) ու «Սիբիրից» (2752) հետո թիմային միջին անհատական վարկանիշով (2731) 3-րդ տեղը զբաղեցնող Մակեդոնիան ներկայացնող «Ալկալոիդի» (Իվանչուկ, Տոմաշևսկի, Յակովենկո, Յանգյի Յու, Անդրեյկին, Կրիվոռուչկո) հետ: Վերջինս թիմային՝ 8, անհատական՝ 20,5 միավորով այժմ ընթանում է 5-րդ տեղում:
Կանանց մրցաշարում, որին 9 երկրի 12 թիմ է մասնակցում, «հայկական» երկու թիմերի մրցավեճում Լիլիթ Մկրտչյանի «Ուգրան» 3,5:0,5 հաշվով ջախջախեց Ալինա Բալայանի Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմին ու մրցանակակիր դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Լիլիթն արդեն 20-րդ քայլում 3-րդ խաղատախտակի վրա այս մրցամարտի միակ ոչ-ոքին խաղաց Դինա Բելենկայայի հետ, իսկ Ալինան (2269) էլ 4-րդ խաղատախտակի վրա զիջեց իրեն վարկանիշով զգալիորեն գերազանցող ու տղամարդկանց միջազգային վարպետի կոչում ունեցող Մարիա Գուսևային (2411):
Այստեղ միանձնյա առաջատարը 5 անընդմեջ հաղթանակ տարած վրացական «Նոնան» է, որ թիմային 10 միավոր ունի: «Ուգրան» իր ակտիվում թիմային 7 միավոր է գրանցել ու թիմային հերթական հաղթանակի շնորհիվ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Մակեդոնական «Գաբիտը» թիմային 8 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Սանկտ Պետերբուրգի կանանց թիմը թիմային 4 միավորով 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Այսօր մրցաշարի նախավերջին՝ 6-րդ տուրում Մկրտչյանի «Ուգրան» հանդիպելու է անգլիական Midland Monarchs թիմի հետ, իսկ Բալայանի թիմն էլ ուժերը կչափի ստուգատեսի առաջատար վրացական «Նոնայի» հետ:
Շվեյցարական մրցակարգով՝ 7-տուրով ընթանալիք այս ստուգատեսում եզրափակիչ՝ 7-րդ տուրի հանդիպումները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 24-ին:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



