Ժամից ավել նայում էի CNN-ով ԱՄՆ Կոնգրեսի լսումները՝ 2012 թ. Լիբիայում դեսպան Սթիվենսի սպանության հարցով: Այսպես կոչված «Բենղազի հանձնաժողովը» երեքամյա ուսումնասիրություններից հետո քննում է այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործողությունները՝ վերլուծելով նրա էլեկտրոնային հաղորդագրությունները, հեռախոսային խոսակցությունները, հարցազրույցները, ներկայիս մեկնաբանությունները: Սա ԱՄՆ քաղաքական համակարգն է գործողության մեջ՝ անգութ, կոշտ, բազմաշերթ շահերով ու թաքնված ենթատեքստերով տոգորված, սակայն անչափ արդյունավետ ու աշխատող: Տպավորություն է, կարծես հսկայական մեքենայի շարժիչի աշխատանքին հետևես: Հանրապետականները դաժանաբար գրոհում են Քլինթոնին՝ որպես դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուի, նախագահական ընտրություններում: Դեմոկրատներն ապացուցում են, որ հետաքննությունն անաչառ չէ, և պաշտպանում են Հիլարիին: Ուղիղ եթերում քաղաքականությամբ հետաքրքրվողները կարող են տեսնել, թե ինչպես է գործում աշխարհի ամենահզոր ու հեղինակավոր քաղաքական կենտրոնը: Եվ այս ամենի գլխավոր չափանիշը, որն աղոթքի պես կրկնում են երկու ճամբարներն էլ, ճշմարտությունն է: Արդյո՞ք տիկին Քլինթոնը թաքցնում էր որևէ բան ամերիկյան ժողովրդից, արդյո՞ք սուտ չի խոսվել այս ողբերգության մասին...
Ինչպես էլ վերաբերվեն Հիլարի Քլինթոնին կամ ԱՄՆ Կոնգրեսին, սա շատ ուսանելի ու տպավորիչ տեսարան է: Մենք բազմաթիվ սկանդալներ, թալան ու կեղծիք, ջարդ ու սպանություն ենք տեսել վերջին երկու տասնամյակում, սակայն ո՛չ Երեւանում, ո՛չ Մոսկվայում արդեն քսան տարի շարունակ չի լսվում «ճշմարտություն» խոսքը, չի հնչում սեփական ազգի առջև պատասխանատվության գաղափարը, ուստի և չկա ո՛չ պատասխանատվություն, ո՛չ ճշմարտություն: Ոչ էլ ազգ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1066279616738925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել