Երբ Սան Դիեգոյի գաղտնի քիմիական լաբորատորիայում փորձարկման ենթարկվող 5 առնետները վայրկյանական մահ գրանցեցին, դոկտոր Հուվեր Ուայլդի դեմքին չարագույժ ժպիտ հայտնվեց։ Ժամեր անց էր միայն պարզվելու, որ 1965 թվականի դեկտեմբերյան այդ մռայլ օրը ԱՄՆ-ը բացառիկ շանս ստացավ ոչ միայն վճռելու արդեն 19 տարի տևող Սառը պատերազմի ելքը, այլև յուղոտ վերջակետը դնելու ԽՍՀՄ կոչվող պետության, որը երկրագնդի հակառակ կողմում օրեցօր ընդլայնում էր իր տիրապետություններն ու ԱՄՆ-ի հետ հավասար պայքարում էր աշխարհը տիրելու բացառիկ իրավունքի համար։
***
Քիմիական միացությունը, որը տարբեր չթույլատրված փորձարկումների արդյունքում ստացել էր Հուվերը, ում գիտական շրջանակներում «մարդասպան» էին կոչում՝ Պերուից բերված ռազմագերիների վրա մահացու փորձարկումներ անցկացնելու համար, վայրկյանական ռեակցիայի մեջ էր մտնում ջրի մոլեկուլների հետ՝ այն վերածելով մահացու թույնի։ Հուվերի ստեղծած միացության առանձնահատկությունն այն էր, որ ժամանակակից լաբորատորիաներում այդ միացությունը բացահայտելն ու հակաթույն ստեղծելը հնարավոր չէր։
***
Հուվերը «Սինդիկատ» կոչվող գերգաղտնի կազմակերպության անդամ էր, որը ֆինասավորում էր ստանում ԱՄՆ-ի գեներալիտետի կողմից և ստեղծված էր լուծելու այն բոլոր խնդիրները, որոնցում թաթախվելը ԱՄՆ-ի կառավարությանը պատիվ չէր բերում։ 1965 թվականի դեկտեմբերի 20-ին Սինդիկատի լոսանջելեսյան կենտրոնում Հուվերը հանդիպում խնդրեց Սինդիկատի ղեկավարից, որպեսզի ներկայացնի իր միացությունն ու բացահայտի հնարավոր ուղիները ԽՍՀՄ-ի խոշորագույն քաղաքների՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, ապա Տաշքենտի ու Մինսկի խմելու ջրի պահուստները թունավորելու համար։
***
Լրտես Օլեգ Պոպովը Նովոսիբիրսկի ԿՀՎ-ից դեռ 10 տարի առաջ էր տեղափոխվել ԱՄՆ ու Վուդգարդ Ջոնս անվան տակ արդեն մի քանի տարի Սինդիկատի Սան Դիեգոյի լաբորատորիայում աշխատում էր որպես լաբարանտ։ Երբ դոկտոր Հուվեր Ուայլդը լաբորատորիայից ոգևորված դուրս վազեց, նա գաղտնի կապի միջոցով անմիջապես զանգեց Մոսկվա ու զեկուցեց մոտալուտ վտանգի մասին։
***
Ծայրաստիճան ծանր իրավիճակներում ու բարդագույն պայմաններում մարտական առաջադրանքներ կատարելու համար ԽՍՀՄ-ում գործում էր գերգաղտնի ջոկատ, որի անդամներին «Ասասիններ» էին կոչում։ Նրանք ԽՍՀՄ-ի տարբեր որբանոցներից վերցված տղա երեխաներ էին, որոնք 4 տարեկանից դաժանագույն պատրաստվածություն էին անցնում ռազմական գաղնի դպրոցներում։ Նրանք չունեին անուն, չէին զգում ոչ ցավ, ոչ վախ։ Նրանք անտեսանելի էին թե՛ ցերեկով և թե՛ գիշերով։ Նրանք չունեին ընկերներ ու հարազատներ։ Փոխարենը ունեին պարտք պետության առաջ ու ստեղծված էին անելու ամեն բան՝ նրա ամբողջականությունը պահպանելու համար։
***
156 համարի գործակալն արդեն 6 տարի է, ինչ ԱՄՆ-ում էր ու գերգաղտնի տեղեկատվություններ էր փոխանցում ամերիկյան FBI-ի արխիվներից։ Հենց նրան էր վիճակված «մարդասպան» դոկտորին վերացնելու գործը։ Նա ընդամենը 4 ժամ ուներ, որպեսզի Լոս Անջելեսի բեկումնային հանդիպումը չկայանար։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևն անձամբ հրահանգել էր ոչ միայն պարզապես սպանել Հուվեր Ուայլդին, այլև ստիպել սեփական ձեռքերով փորել այն փոսը, որում նա պատրաստվում էր թաղել Ռուսաստանին։







Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սիրանուշ Գրիգորյան
Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան
Գլխավոր դերերում՝ Աշոտ Սարգսյան, Ալբերտ Մելքոնյան
Նկարահանումներին աջակցելու համար հատուկ շնորհակալություն «HOT ROD Garage Armenia»-ին և «Երևան productions»-ին։


