Երբ հայկական միջավայրում խոսք է գնում Ադրբեջանի մասին, Ալիև կրտսերի գործոնը սովորաբար ներկայացվում է որպես կայուն, անփոփոխ, համարյա հավերժ մի բան: Մեր քաղաքական ու փորձագիտական շրջանակների կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների լավ կամ վատ ապագայի տեսլականը խարսխված է Իլհամ Ալիևի անձին, և ես դեռ չեմ հանդիպել մի այնպիսի վերլուծական աշխատության, ուր նկարագրված կլինի Ադրբեջանն առանց Ալիևների իշխանության: Այս համատեքստում մինչ այժմ խոսվել է միայն մեկ տարբերակի մասին, որը նկարագրում է Ադրբեջանի տրոհումը մի քանի ինքնուրույն մասերի և Քուռ գետի աջափնյա հատվածի հանդեպ հայկական վերահսկողության վերականգնման հեռանկարները: Երևի թե այս հարցում որոշակի հստակություն մտցնելու համար արժե հիշել, որ հայր Ալիևի իշխանության գալը Բաքվում տեղի ունեցավ Ռուսաստանի իշխանությունների առնվազն քաղաքական աջակցության շնորհիվ և դրանից անմիջապես հետո՝ 1993 թվականի նոյեմբերից սկսած, պաշտոնական Մոսկվան ՀՀ իշխանությունների հետ սկսեց խոսել կոշտ պարտադրանքի լեզվով և, փաստորեն, ստիպեց, որ Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտության կողմ: Կարելի է ասել, որ Ալիևյան կլանի վերադարձը Բաքու Կրեմլում դիտարկում էին որպես Ադրբեջանում ռուսական ազդեցության վերականգնումն ապահովող կարևոր գործողություն: Դատելով ամեն ինչից՝ Իլհամ Ալիևից այժմ պահանջվում է ավելի հստակ ռուսամետ կողմնորոշում դրսևորել և հավաստել դա առարկայական քայլերով: Սա, անշուշտ, նրա իշխանության համար որոշակի սպառնալիքներ է պարունակում, ինչը ստիպում է զգուշավորություն դրսևորել: Սպառնալիքները կապված են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետ, ու եթե ինչ-ինչ պատճառներով ռուսական ռազմական մասնակցությունը սիրիական իրադարձություններին հանգեցնի բռնությունների աշխարհագրության ընդլայնմանը, ապա ռուսների հետ հարաբերությունները սերտացնելուն համաձայնած Ադրբեջանի գործող նախագահը կարող է դառնալ առնվազն քաղաքական մակարդակում վերացման ենթակա թիրախ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1080210138656564
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել