Դիանա Աբգարը հայ գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանն է։ Նա իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու  գործին։

Դիանա Հովհաննես Աբգարյանը (օրիորդական անունը՝ Անահիտ Աղաբեկյան) ծնվել է 1859թ-ի հոկտեմբերի 12-ին Բիրմայում (այժմ Մյանմա)։ Դիանայի ընտանիքը բավականին հարուստ էր։ Աղաբեկյանները Ջուղայից գաղթել են Պարսկաստան 18-րդ դարի վերջին, իսկ արդեն այնտեղից՝ Հնդկաստան։ Նրա հայրը՝ Հովհաննեսը, Հնդկաստանում բնակություն հաստատած Աղաբեկյաններից էր, իսկ մայրը՝ Զմրուխտը, ծագումով Շիրազից էր։

Դիանան սովորել է կանանց մենաստանում, որտեղ ստացել է անգլերեն լեզվի, սանսկրիտի և հայերենի կրթություն։ Ուսումն ավարտելուց հետո նա ամուսնացավ մեծահարուստ առևտրական Միքայել Աբգարի հետ։

Հաստատվելով ճապոնական Կոբո քաղաքում՝ ամուսնական զույգը ապրանքների ներկրման ու արտահանման ընկերություն հիմնեց։ Մի քանի տարի Ճապոնիայում ապրելուց հետո Դիանա Աբգարը սկսեց պատմվածքներ ու վեպեր գրել։ 1892թ․-ին նա հրատարակեց իր առաջին վեպը՝ «Սյուզանը», իսկ ավելի ուշ՝ «Պատմություններ հայրենիքից»։ Աբգարյանների ընտանիքում հինգ երեխաներ ծնվեցին, նրանք ապրում էին ապահով՝ առանց որևէ բանի կարիք ունենալու։ Սակայն ամեն ինչ փոխվեց ամուսնու մահվանից հետո (1906թ.)։ Ընկերության ամբողջ պատասխանատվությունը Դիանան իր ձեռքն առավ՝ միաժամանակ շարունակելով իր գրական գործունեությունը։ Երեխաների հետ տեղափոխվելով նավահանգստային Յոկոհամա քաղաք, նա հերթական առևտրի տունը բացեց, որը համագործակցում էր Չինաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։

Իր կյանքի ողջ ընթացքում Դիանա Աբգարն իր կապը պահպանում էր հայրենիքի հետ, որտեղ նա այդպես էլ երբեք չկարողացավ լինել։ Նա ելույթներով էր հանդես գալիս հայ ժողովրդի մասին, հոդվածներ գրում և համագործակցում անգլալեզու «The Japan Newspaper» և «Far East» թերթերի հետ։

«Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը մի անձ էր դարձել, ով օգնում էր յուրաքանչյուր հայի, ով հայտնվում էր բարդ դրության մեջ, ով չգտեր տեղի լեզուն, սովորությունները։ Նա իր հայրենակիցներին այնպիսի խոշոր նյութական աջակցություն էր ցույց տալիս, որը լուրջ անհանգստություն էր առաջացնում նրա երեխաների մոտ։ Հաճախ ամերիկյան ու անգլիական իշխանությունների ներկայացուցիչները տիկին Աբգարի պահանջով օգնություն էին հատկացնում, որպեսզի փախստականները կարողանան հասնել Ամերիկա կամ Անգլիա։ Հաճախ նրա խնդրանքով շոգենավային ընկերությունները մեծ զեղչերով տոմսեր էին առաջարկում»։

Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ սկսվեցին Օսմանյան կայսրության զանգվածային ջարդերը, Դիանան թողարկեց այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Ճշմարտությունը հայերի ջարդերի մասին», «Հայկական հարց», «Հայաստանը, որին դավաճանեցին», «Մեծ չարը», «Միայնակ խաչակիրը», «Հազար ու մեկ պատմությունների գրքից. պատմվածքներ Հայաստանի և նրա ժողովրդի մասին. 1892-1922թթ», ինչպես նաև «Սարսափելի անեծք», «Կայսերական Եվրոպայի հիմարության մասին», «Խաչված Հայաստան» հոդվածները։

«Ադանայում 1909թ․-ի կոտորածը համարվում է Սառը պատերազմի՝ սառը ջրով լցված առաջին տակառը, որը լցվեց նախանձախնդիր լավատեսների գլխին։ Ոմանց համար դա սթափեցնող էր, մյուսներն էլ շարունակեցին հավատարիմ մնալ իրենց նախկին անկոտրուն ընթացքին։ Դիանա Աբգարը համոզիչ կերպով կարողացավ ցույց տալ, որ Ադանայում տեղի ունեցած կոտորածը կազմակերպվել ու իրականացվել է երիտթուրքերի սահմանադրական կառավարության կողմից»։

Աբգարի աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել ամերիկյան ԶԼՄ-ների կողից։ Նա համագործակցում էր աշխարհի բազմաթիվ քաղաքական ու հոգևոր գործիչների հետ։ Դիանան այն ժամանակ միակ հայուհին էր, ով ամբողջովին տիրապետում էր միջազգային անցուդարձին։ Լինելով մեծ հայրենասեր՝ Աբգարն օգնում էր բազմաթիվ հայ փախստականների, ովքեր Սիբիրով ու Ճապոնիայով փորձում էին ԱՄՆ և Կանադա հասնել։

«Նրա առևտրական ընկերությունը հարմարեցված էր որպես հայ փախստականների համար դիվանագիտական առաքելություն իրականացնող գրասենյակ, իսկ նրա տունը՝ որպես ժամանակավոր կացարան հայ փախստականների համար։ Նրա պահանջով ինչպես ճապոնական իշխանությունները, այնպես էլ եվրոպական հյուպատոսները հայ փախստականներին անցաքարտեր էին տրամադրում։ Տեղի ոստիկանների համար նրա միայն մի բառը շատ ավելին արժեր, քան որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հայերի հետ կապված թյուրիմացությունների դեպքում դիմում էին տիկին Աբգարին, ու նա իր խոսքով, բարոյական ազդեցությամբ, նյութական միջոցներով աջակցում էր այդ շրջաններում հայտնված հայերին ու ուղղորդում նրանց անհրաժեշտ ուղղություններով»։

Որպես իր գործունեության արդյունք՝ 1918թ․-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը, նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։

1920-ականներին հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն արտերկրում՝ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։

«Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը (1918-1920թթ) դարձավ առաջին պետություներից մեկը, որը կանանց ձայնի իրավունք է շնորհել։ Այս իրադարձությունները խոսում են այն մասին, որ կանանց առաջընթացը հնարավոր է և այնպիսի հասարակություններում, ինչպիսին Հայաստանն է»,- գրում է University Press of America»-ն։

Դիանա Աբգարը մահացավ 1937թ․-ի մայիսի 28-ին Յոկոհամայում։ Նա թաղված է ամուսնու կողքին՝ օտարազգիների համար նախատեսված գերեզմանատանը։ Այս պահի դրությամբ Աբգարի գերեզմանը գտնվում է Տոկիոյում հայ-ճապոնական բարեկամության խորհրդի հովանավորության ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել