Berezovski

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահՌոման Բերեզովսկուհարցազրույցը ArmFootball.com-ին:

- Ռոմա՛ն, ամենից առաջ շնորհավորում ենք «Դինամոյի» վերջին երկու հաղթանակների առթիվ, այդ երկու խաղերին դու էլ ես մասնակցել: Մենք այստեղ՝ Հայաստանում, ոգևորությամբ ենք ընդունել մեկնարկային կազմ քո վերադարձը:

- (ժպտում է) Շատ շնորհակալ եմ:

- Թիմում հաջող հանդիպումներից հետո ի՞նչ մթնոլորտ է տիրում:

- Բնականաբար ամեն ինչ լավ է: Մենք ևս մեկ հանդիպում կանցկացնենք Գրոզնիում («Թերեքի» դեմ, ArmFootball.com): Բարդ հանդիպում է սպասվում: Հիանալի կլիներ՝ արձակուրդի մեկնեինք լավ տրամադրությամբ:

- «Սպարտակի» դեմ խաղը, ի տարբերություն «Ռուբինի», քեզ համար, չնայած բաց թողած գոլին, ավելի հե՞շտ ստացվեց:

- Կարծում եմ՝ այո: Բարդ հանդիպում չէր: Շատ աշխատանք չկար:

- Երկու խաղերում էլ բավականին երկար ժամանակ խաղն ընթանում էր քո դարպասից բավական հեռու: Այդպիսի խաղերում դժվա՞ր է պահպանել կենտրոնացվածությունը:

- Չէի ասի, որ իմ դարպասից այդքան հեռու էր ընթանում: Ավելի շատ` մեր տուգանային հրապարակի մատույցներում, իսկ ես համարյա թե խաղի մեջ չէի մտնում: Չնայած լարվածություն կար: Ընդհանուր առմամբ, չէի ասի, որ «Դինամոն» միայն գրոհում էր, ուղղակի լավ էինք պաշտպանվում և չէինք թողնում մեր դարպասի ուղղությամբ վտանգավոր գրոհներ կազմակերպվեն:

- Եղանակային պայմանները խանգարու՞մ էին:

- «Ռուբինի» դեմ խաղում վատ եղանակ չէր՝ պլյուս 3 աստիճան: «Սպարտակի» դեմ խաղում մի փոքր ցուրտ էր, բայց արհեստական խոտածածկը մեզ ձեռնտու էր: Մեր տղաները իրենց գործի լավ վարպետներ են, ու այդ գործոնը նրանց համար շատ կարևոր էր:

- Ճի՞շտ է, որ «Ռուբինի» դեմ  խաղին մասնակցելու հարցը վճռվել է անմիջապես այդ հանդիպումից առաջ:

- Այո: Անտոն Շունինը արդեն սկսել էր մարզվել: Անկեղծորեն չգիտեի, որ հիմնական կազմում կխաղամ: Այդ մասին խաղից մի փոքր առաջ իմացա մարզչից:

- Զգացվում էր, որ թիմի գլխավոր մարզիչ Պետրեսկուն սկզբում քեզ այդքան էլ չէր վստահում: Կարո՞ղ ենք փաստել, որ իրավիճակը փոխվում է:

- Չգիտեմ: Բարդ է պատասխանել: Դա ավելի շատ երևի իրեն է վերաբերում: Ես ուղղակի իմ գործն եմ անում: Մարզվում եմ: Այն հանդիպումներին, որոնց մասնակցում եմ, աշխատում եմ ցուցադրել իմ լավագույն որակները, իսկ մնացած հարցերն ինձ չեն վերաբերում:

- «Թերեքի»  դեմ խաղից հետո առաջնությունում ընդմիջում կլինի: Արդեն կողմնորոշվե՞լ ես՝ արձակուրդդ որտեղ ես անցկացնելու:

- Դեռ ոչ: Ընտանիքիս հետ որևէ տաք երկիր կմեկնեմ:

- Ինչպե՞ս ընդունեցիր Հայաստանի ազգային հավաքականի բազմամյա ավագ ու թիմակից Սարգիս Հովսեփյանի կարիերան ավարտելու որոշումը:

- Շատ ծանր: Հանկարծակի որոշում էր: Աստիճանաբար, երկու-երեք շաբաթ հետո, սկսեցի հաշտվել այդ մտքի հետ: Ցանկանում էի  դա ընդունել, որպես արդեն կայացած փաստ, բայց ըստ իս, նա դեռ կարող էր, որպես ֆուտբոլիստ, թիմին օգտակար լինել:

- Թիմի ավագի թևկապը փոխանցվել է քեզ: Ավագի դերում ինչպիսի՞ զգացողություններ ունես:

- Լրացուցիչ պատասխանատվության զգացումն  է ավելացել: Աշխատում եմ չմտածել դրա մասին, որպեսզի դա չազդի իմ խաղի վրա: Բայց իհարկե, դա ինձ համար մեծ պատիվ է՝ լինել ազգային թիմի ավագը:

- Արդեն հավաքական է հրավիրվում «Շիրակի» երիտասարդ դարպասապահ Արթուր Հարությունյանը: Այդ տղայի մասին ի՞նչ կասես:

- Շատ նպատակասլաց տղա է: Մարզումների ժամանակ իրեն չի խնայում: Ընդհանուր պատկերացում մի քանի օրվա մեջ, երբ ես հավաքականում եմ, դժվար է կազմել: Կարծում եմ, որ նա շատ լավ տվյալներ ունի՝ հասակը, ռեակցիան: Ցանկացած դարպասապահի խաղում կգտնվեն ինչ-ինչ դրվագներ, որոնց վրա աշխատել է պետք:

- Ընտրական խմբի մեկնարկային խաղերում մեր թիմի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր: Ինչո՞ւմն է խնդիրը:

- Թիմի մարզումային ու վերականգնողական ուղղվածությունը հոլանդացի մասնագետի գալուց հետո փոխվել էր: Երևի այդ ամենը այդքան էլ մեզ հարմար չէր: Քանի որ հենց վերադարձանք նախկին մեթոդիկային, փոփոխությունները իրենց երկար սպասեցնել չտվեցին: Չնայած Իտալիայի դեմ խաղում արդյունքի չհասանք, բայց խաղի որակի առումով, ըստ իս, վատ չէինք դիտվում, և եթե 1-1 հաշվի ժամանակ մի փոքր բախտը մեզ ժպտար, ապա կարող էինք դրական արդյունք ակնկալել: Խաղային առումով առաջին երկու հանդիպումների համեմատ, մենք ավելի լավ էինք դիտվում:

- Բուլղարիայից ու Իտալիայից կրած պարտությունները մրցաշարային աղյուսակում բարձր տեղ գրավելու հույսերի վրա խաչ քաշո՞ւմ են:

- Ոչ: Առաջադրանքը մի փոքր բարդացրել ենք: Մոտակա մի քանի խաղերը կտան մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ կարո՞ղ ենք այս ընտրական փուլում ինչ-որ բանի հասնել, թե՝ ոչ:

- Փետրվարին հավաքականը կարող է ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսում: «Դինամոն» նախնական տվյալների համաձայն, հունվար-փետրվար ամիսներին հավաք կանցկացնի Իսպանիայում ու Թուրքիայում: Դու հավաքականի կազմում կմասնակցե՞ս ստուգողական հանդիպումներին:

- Ամենայն հավանականությամբ, այո: Չնայած, դժվարություններ կլինեն: Թուրքիայից Կիպրոս և հակառակը: Չնայած այդ երկու երկրներն իրար մոտ են, բայց ստիպված ես լինում 3 անգամ փոխել ինքնաթիռը: Եթե հիշեմ նախորդ անգամվա դեպքը, ապա դրանից հետո մեկ շաբաթ շարունակ ինձ այդքան էլ լավ չէի զգում:

- Հաջորդ տարի լրանում է «Դինամոյի» հետ մեկ տարվա պայմանագիրը: Քո հետագա կարիերայի հետ կապված ե՞րբ նորություններ կլինեն:

- Դժվար է այդպիսի հարցերում ինչ-որ բաներ կանխատեսել: Վաղուց դրանցով չեմ զբաղվում: Կյանքը ցույց կտա:

- Վերջին հարցը: 2012թ.-ը մարզական առումով քեզ համար ինչպե՞ս կգնահատես:

- Չգիտեմ… Երևի այն, որ ես խաղում եմ ռուսական չափանիշներով մեծ ակումբում, դա արդեն մեծ բան է: Շատ մեծ պատիվ է լինել այդ թիմի մի մասնիկը: Այդքան էլ շատ հանդիպումների չեմ մասնակցել: Ընդհանուր առմամբ, վատ չեմ խաղացել: Երևի ԲԿՄԱ-ի ու «Զենիթի» դեմ մեկնարկային խաղերը չստացվեցին: Բայց ինձ այդ ժամանակ պետք էր թիմին հարմարվելու համար:

Իսկ հավաքականում երկու պաշտոնական խաղում էլ պարտություն ենք կրել, երկուսին էլ մասնակցել եմ… Շատ հաճելի է, որ երկրպագուները տրիբունաներից ինձ միշտ աջակցում են: Բայց շատ կուզեի ավելին անել, որպեսզի թիմը հաղթի:

 Արսեն ՍԱՐԿԻՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել