Tert.am-ը գրում է.
Երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նա նշեց, թե քաղաքացիներն իրեն դիմել են բողոքով, որ երկսակագնային հաշվիչներում շեղումներ են նկատում: «Պատահական շենքեր մտնելով տեսա, որ շատ հաշվիչներում կան այդ շեղումները: Սա մասսայական բնույթ է կրում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ դիմել եմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, խնդրելով մոնիտորինգ անցկացնել, պարզաբանել, թե այդ ինչ շեղումներ են:
«Սպառողը մտածելով, թե արդեն գիշերային սակագնով է վճարելու, սկսում է գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի հետ կապված գործերը պլանավորել, սակայն, իրականում խաբվում է»,- նկատեց սպառողների շահերի պաշտպանը:
Կարեն Չիլինգարյանը խորհուրդ տվեց հետևել երկսակագնային հաշվիչներին, նայել ժամերին, խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել Էլեկտրական ցանցերին, պահանջելով ստուգում իրականացնել:



