Հետաքրքիր է, որ բռնության ենթարկվածներն ավելի են վախենում հանրային կարծիքից, քան բռնարարները: Օրինակ, եթե կինն ասում է, որ իրեն բռնաբարել են, միանգամից պիտակավորում են, սկսում են հետևից խոսել՝ «տեսնես՝ ոնց է իրեն պահել», «տեսնես՝ ինչո՞ւ է տղամարդու հետ նույն տարածքում հայտնվել», «փչացածի մեկն է», «էլ ո՞վ նրա հետ կամուսնանա»... Հասարակությունը շատ դաժան է վարվում գրեթե միշտ, ու դրա համար էլ մարդիկ, ովքեր ենթարկվել են բռնության, լռում են։ Իսկ բռնարարներն այդ միջավայրում իրենց շատ հանգիստ ու բարենպաստ են զգում, չէ՞ որ հասարակությունն իրենց կողմից է: Հիմա ես ամենևին միայն կնոջ դիրքերից չեմ գրում, չնայած ամենից տուժածը հենց կանայք են, սակայն այսօր կարդացի Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա գյուղում բնակվող հոգևորական, վարդապետ Անատոլի Իվանյուկի մասին, ով տարիներ շարունակ գյուղի անչափահաս տղաներին սեռական ոտնձգությունների է ենթարկել։ Տղաները, ովքեր ենթարկվել են սեռական ոտնձգությունների, չեն համարձակվել բարձրաձայնել այդ մասին հանրությանը, դիմել ոստիկանություն կամ Վատիկան։ Ավանդապաշտ և հավատացյալ գյուղում պեդոֆիլիայի և հոմոսեքսուալիզմի մասին պատմություններին նախ չէին էլ հավատա։ Ամոթն ու շրջապատում ծաղրի առարկա դառնալու վախը մյուս կողմից է ճնշել տղաներին, և նրանք ստիպված լռել են։ Լռել են նաև վարդապետից վախենալու պատճառով։
Հիմա որ զոհերին մեղադրում եք կամ մատնում լռության, չե՞ք կարծում, որ վտանգում եք հանրային առողջությունն ու ինքներդ ձեզ դարձնում համագործակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել