Հայրենիքը երեխայի աչքերում և հոգում : Ինչքա՜ն է մեծ իշխանավորության պատասխանատվությունը այս անմեղ հոգու հույսերն ու հավատը չփշրելու համար...
Հայրենիք, հայրենի երկիր, հայոց աշխարհ…
Բառեր, որոնք արտասանում ենք կարծես հենց այնպես, երբեմն առանց զգալու: Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության: Երկար եմ մտածել գրելուց առաջ։ Ճանաչո՞ւմ եմ արդյոք իմ երկիրը, իմ ժողովրդին, կարելի է ասել, թե ինքս ինձ: Չէ՞ որ առաջին հերթին ես հայ եմ, հետո նոր՝ Երկիր մոլորակի բնակիչ: Աստված կամեցել է, որ ես հայ ծնվեմ, առավել ևս` Հայաստանում:
Մեծերից լսել եմ մի կարծիք. հեռվից ու կորցնելուց հետո է միայն մարդը զգում իր ունեցածի արժեքը: Միգուցե ես այնքան հասուն չեմ հասկանալու դա, բայց սիրտս զգում է, ապրում այս երկրում:
Մի քանի օր առաջ արշավի գնացինք դեպի Թեժառույք: Բարձունքի վրա կիսաքանդ եկեղեցին էր` դարերի քամիներին ընդդիմացած և հաղթանակած: Վերելքը դժվարին էր, և ես զարմանում էի, թե հայն ինչպիսի հավատ է ունեցել, որ եկեղեցի է կառուցել այսպիսի բարձունքի վրա: Կիսավեր էր եկեղեցին: Տխրեցի: Ոմանք պատերին թողել էին իրենց անունները: Չգիտես ինչու: Երևի չէին հասկացել, թե որտեղ էին գտնվում, չէին գնահատել պատմության խորքերից մեզ հասած այդ հուշարձանը: Այդպիսին ենք մենք. մեկ կարող ենք արարել` հաղթահարելով բարձունքներ, ժայռերից կերտել հրաշալի կոթողներ, գրքեր փրկել զոհվելով, հավատքը պահել նահատակվելով, պայքարել, տաղեր գրել, սգալ, բայց փյունիկի պես հառնել, ունենալ միայն մերը`մեր դուդուկը, մեր խաչքարը, մեր Մասիսը… Բայց և օտարամոլության զոհ գնալ էլ գիտենք: Ի՞նչ անենք, որ այս արագ ընթացքի մեջ չկորցնենք հայ մնալու, հայրենիքը սիրելու մեծագույն արժանիքը: Մի քիչ հարցականի նմանվեց շարադրությունս: Բայց ճշմարիտ եմ ասում. գիտեմ, զգում եմ, որ պիտի խորապես ճանաչեմ հայրենի օրրանս, որպեսզի գնահատեմ, փայփայեմ այն, ինչպես իմ սիրտը, մորս, հորս, մայրենի լեզուս: Գիտեմ, որ այբուբենս աղոթքի նման է, որ մեսրոպյան տառերը զինվորներ են, որ ծնվել են պաշտպանելու ազգս, գիտեմ, որ իմ եկեղեցին ժայռերից է կերտված, որ ամուր ու աներեր մնա ոչ միայն թշնաու դեմ, այլև նույնիսկ դարերի դեմ, գիտեմ, որ առաջինն էինք, որ քրիստոնյա դարձանք, հավատում եմ, որ Նոյը Արարատի վրա իջավ ջրհեղեղից հետո, հուզվում եմ, երբ դուդուկի քաղցր ձայնն եմ լսում, ապշում եմ, երբ քարի վրա փորագրված խաչեր եմ տեսնում:
Որքա՞ն եմ ճանաչում հայրենիքս: Չափը չգիտեմ, միայն մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանը իմ մեջ է, արյանս ու մարմնիս մեջ, իմ մայրիկի աչքերում, հայերեն աղոթքիս մեջ, իմ դպրոցի, ընկերների մեջ, հանապազօրյա հացիս մեջ, իմ Արագածի չորս գագաթներում, հայրիկիս գյուղում, դաշտերում, նույնիսկ եղբորս չարաճճի աչքերում, խաղերում:
Օտարության մեջ, փառք Աստծո, չեմ եղել, չեմ համեմատել իմն ու նրանցը: Բայց երազում եմ մի բան` դառնալ նրանցից մեկը, ով նորովի կկառուցի, կարարի, կստեղծագործի, ով կդառնա Հայաստանի հավերժության ուղին կերտողներից մեկը: Առայժմ երազում եմ ու սովորում, սովորում ճանաչել իմ երկիրը, իմ քաղաքը, ինքս ինձ: Աստված թող մեր ազգին ուժ տա, որ բարությամբ հաղթենք չարին ու առաջ գնանք էլի բազում դարեր:
Հեղինակ` 5-րդ դասարանի աշակերտ Էրնեստ Թերջյան: Շարադրությունը մրցույթին գրավել է 2-րդ տեղը