PanARMENIAN.Net -ը գրում է.
Transfermarkt.de կայքը բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մինչև €22 մլն: Մինչ այդ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում էր €18 մլն:
Հավանական է, որ նման փոփոխությունը կապված է Բունդեսլիգայում և Եվրոպա լիգայում Մխիթարյանի հաջող խաղով, գրում է Armsport-ը:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:
Ֆուտբոլիստի առավելագույն տրանսֆերային արժեքը Transfermarkt.deն գնահատել է €26 մլն 2013-ի օգոստոսի 27-ից մինչև 2015-ի փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում։
Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի ակումբը պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ էին ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:
The Independent-ը օգոստոսի 22-ին գրել է, որ Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է 15 մլն ֆունտի` $23,5 մլն-ի առաջարկը՝ Մխիթարյանի համար: Սակայն, ավելի ուշ ակումբներում աղբյուրները հայտարարել են, որ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը չի կայանա:
2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:
Օգոստոսի 21-ին Sports.ru-ն ներկայացրել է ԱՊՀ-ի 11 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների իր վարկանիշային աղյուսակը, որում Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 2-րդ տեղը: Իր տրանսֆերային արժեքով նա զիջում է միայն ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին, որի անցումը «Միլանից» «Չելսի» 2006-ին արժեցել էր € 46 մլն: