Մանուկ հասակում միշտ միաժամանակ մի քանի գիրք էի կարդում: Սկսում էի վերջից, հետո սկիզբից, բաց էի թողում երևույթների գեղարվեստական նկարագրությունները:
Վերջին տասն օրերին մանրակրկիտ ուսումնասիրեցի և վերհիշեցի անցած 25 տարիների ժամանակագրությունը, պարապ ջուրծեծոցիների ժամանակաշրջանը: Մի քանի բառով ներկայացնեմ այն, ինչ իրականում կա:
Իշխանությունը չի պարտվում: Ընտրությունը երբեք արդար չի լինում: Ժողովուրդը երբեք չի հաղթում: Մնացյալը ֆարս է: Ես գիտեմ, թե ինչ է լինելու դեկտեմբերի 7-ին, ու անգամ վստահ եմ, թե ով ինչ է ասելու, հայտարարելու, դատապարտելու և այլն... Վստահ եմ նաև, որ այս ամենը շատերը գիտեն:
Ամենասարսափելին. մենք` ժողովուրդս, միշտ հայտնվում ենք պարտվողի կարգավիճակում, բայց եկեք չմոռանանք, որ հաղթողի կարգավիճակում ևս հայտնվում է ժողովուրդը: Իշխանությունը և նրան սպասարկողը ևս ժողովուրդ է: Ու հերիք է մեզ ներկայացնենք որպես ընտրյալ ազգ: Մենք էս ենք` հերոսներով, արտագաղթածներով, վաճառականներով, երեսփոխաններով, բանվորով, գյուղացիով, բոլորով... Ու ոչ մեկս ավելի այս ազգի ներկայացուցիչ չի, քան ասենք.... Ախր անուններն էլ չեմ ուզում տամ:
Հետևություն... Երբ մենք պարտվում ենք, հաղթում են նրանք, ովքեր 25 տարի զտում են մեր ազգը` միլիոնավորներին վանելով սեփական երկրից:
Հաճախ սթափվածները ինձ հարցնում են` կարդացե՞լ ես բարեփոխումների փաթեթը: Տղերք, ես այնքան պարապ չեմ, որ կարդամ այն, ինչի նախորդին որևէ մեկը շան տեղ չի դրել: Ու ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ այն բանին, որ ինձ հարազատ շատ ընտանիքների երկրից ոչ պաշտոնական արտաքսման պատճառ դարձածները ցանկանում են մի բան անել, որն իմ հատվածի ժողովրդի համար դրական ազդեցություն պիտի ունենա: Չէ, տղերք, ես ձեզնից ավելի շուտ եմ սթափվել ու երբեք չեմ մասնակցի էն գործընթացին, որի ընթացքն ու վերջաբանն ակնհայտ է: