PanARMENIAN.Net -ը գրում է.
Ադրբեջանի Տերտերի շրջանի Ախքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլլաևը ձերբակալվել է շփման գծից ոչ հեռու ադրբեջանցի զինվորականների կողմից` հայկական կողմն անցնելու փորձ կատարելիս: Այդ մասին գրում է ադրբեջանական Moderator.az կայքը:
Նշվում է, որ Աբդուլլաևը «հոգնել էր տարբեր ատյանների անտարբերությունից, որոնց նա դիմել էր անարդարացիորեն 33 000 մանաթի տուգանք իր հանդեպ սահմանելու հարցով, ուստի փորձել է անցնել հայկական կողմը, սակայն նրան ձերբակալել են տեղի զինվորականներն ու հանձնել ազգային անվտանգության շրջանային բաժանմունք»:
Հարցաքննության ժամանակ Աբդուլլաևը հայտարարել է, որ իր քայլի դրդապատճառը Տերտերի շրջանային դատարանի ղեկավար Նադիր Ասգերովի կայացրած անարդարացի և ապօրինի վճիռն է: Նրա գյուղացիներն ու հարզատներն այժմ չգիտեն, թե որտեղ է գտնվում է Աբդուլլաևը, հայտնում է Panorama.am-ը:
Նախկինում բազմիցս են դեպքեր գրանցվել, երբ ադրբեջանցի քաղաքացիական անձիք անցել են կամ փորձել են անցնել հայ-ադրբեջանական սահմանը և հանձնվել Հայաստանի կամ ԼՂՀ իշխանություններին:
2014-ի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ որպես բողոքի նշան իրենց տների քանդման դեմ գործադիր իշխանության կողմից փորձել էին անցնել ԼՂՀ տարածք: 2014-ի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանին հայ սահմանապահաներին էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևը, 1976. թ. ծնված: Նա քաղաքական ապաստան էր խնդրել իր, կնոջ և 3 փոքրհասակ երեխաների համար: 2014-ի ապրիլի 12-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվեց Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի սահմանը սպիտակ դրոշով անցնելու փորձի ժամանակ: Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաևը 2010-ին սպառնում էր ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը նրան էր հանձնել դստեր դին միայն 1000 դոլար կաշառք ստանալուց հետո:



