1915-ի ապրիլին հայ մտավորականների հետ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ իր ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ նա վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա վրա։ Կոմիտասի թողած վերջին գրառման մեջ հնչում է անելանելիությունն ու խորը հուսահատությունը.
«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբերգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն... Ո՞ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը... Սիրտս փլած է...»



