henrikh-mkhitaryan-shakhtar-donetskAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ռուսական Sport Express  թերթին, որտեղ անդրադարձել է այս մրցաշրջանում իր խաղին, ինչպես նաև  ընտրական վերջին փուլում Հայաստանի հավաքականի ելույթներին, հաղորդում է Armfootball.com-ը:

- Զգու՞մ եք, որ այս մրցաշրջանում «Բորուսիայի» առաջատարն եք դառնում:

- Ես ամբողջ ուժերս թողնում եմ դաշտում: Ստացվում է այնպես, որ թիմակիցներս ինձ են օգնում գոլեր խփել, ես էլ` իրենց: Արդյունքում` միմյանց օգնում ենք հաղթանակի հասնելու համար:

- Զգացվում է, որ Տոմաս Տուխելի օրոք Դուք խաղադաշտում ավելի վստահ եք, քան Յուրգեն Կլոպպի օրոք: Հավանաբար, Դուք էլ նույնն եք զգում:

- Այո, հիմա, կարելի է ասել, ամեն ինչ ստացվոմ է: Շնորհակալ եմ Տուխելին ու թիմակիցներիս, որ օգնում են ինձ ցուցադրել լավագույն կարողություններս: Կարծում եմ` իր դերն ունի նաև այն, որ մրցաշրջանի սկզբից սկսեցի գոլեր խփել: Այդպես էլ շարունակվեց:

- Կարդացե՞լ եք, թե ինչ  բարձր գնահատական է տվել Ձեր խաղին Տուխելը գերմանական մամուլում:

- Երբեմն կարդում եմ: Մի կողմից շատ լավ է, որ մարզիչը գովում է, մյուս կողմից` դեռ շատ աշխատելու տեղ կա: Կարևորը` ցույց տալ նրան, որ չի սխալվել:

- «Բորուսիայի» հաջորդ հանդիպումը Եվրոպայի լիգայում լինելու է «Գաբալայի» դեմ: Գերմանական մամուլում գրում էին, որ կարող են խնդիրներ լինել ադրբեջանական վիզա ստանալու հետ կապված: Ստացե՞լ եք այն:

- Չգիտեմ: Անձնագիրս ինձ մոտ չէ: Ավելի լավ է  հարցնել ղեկավարությանը: Ես պատրաստվում եմ հանդիպմանը:

- Սպասու՞մ էիք, որ «Կրասնոդարը» Եվրոպայի լիգայում այդպիսի դիմադրություն կցուցադրի «Բորուսիային»:

- Գիտեմ, որ այդ թիմը վերջին տարիներին շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Բայց, միևնույն է, չէի սպասում, որ Դորթմունդում նման կերպ կխաղան: Պարզվեց, որ «Կրասնոդարը» շատ հզոր թիմ է: Կարծում եմ` եթե նման կերպ շարունակի, ապա մեծ հաջողությունների կհասնի:

- Այնպես որ, խմբից դուրս կգան «Բորուսիան» ու «Կրասնոդա՞րը»:

- Չգիտեմ, տեսնենք:

- Հավանաբար, շատ ցավալի է, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2016-ին…

- Մենք ունենք երազանք հանդես գալու Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Բայց ինչ կարող ես անել… Չեմ կարող ասել, որ հիմա շատ հիասթափված եմ, քանի որ այս շրջափուլում մենք ընդամենը երկու միավոր վաստակեցինք: Իսկ երկու կամ չորս տարի առաջ, երբ մենք լավ հնարավորություններ ունեինք խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու, այդ ժամանակ իսկապես ցավալի էր:

- Հիմա հույսերը կապված են 2018թ.-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության հե՞տ:

- Աստված տա, որ լավ պատրաստվենք կարևորագույն խաղերին: Մինչև ընտրական փուլի մեկնարկը դեռ մեկ տարի կա: Կարծում եմ` հաջողության հասնելու համար մի քիչ էլ բախտ է հարկավոր:

- Ձեր վարպետությամբ Դուք պետք է խաղաք կարևորագույն մրցաշարերում…

- Աստված տա: Շատ ուրախ կլինեմ, եթե հաջողության հասնեմ հավաքականի հետ:

- Ժամանակին «Շախտյորում» խաղում էիք Դուգլաս Կոստայի հետ: Սպասու՞մ էիք, որ նա իրեն այսպես կցուցադրի «Բավարիայում»: Երկրպագուներն ու լրագրողները հիացած են նրա խաղով: Բրազիլացին 10 գոլային փոխանցում է կատարել. լավագույն արդյունքը Բունդեսլիգայում…

- Նա խելահեղ ֆուտբոլ է ցուցադրում: Նույնիսկ չէի սպասում: Թեև գիտեի, որ նա ուժեղ ֆուտբոլիստ է: Իհարկե, ուրախ եմ նրա համար, չէ որ, նա ևս խաղացել է «Շախտյորում», առաջադիմել Լուչեսկուի գլխավորությամբ:

- Դուգլաս Կոստան հիմա այնպիսի մարզավիճակում է, որ պարզ չէ` արդյոք Ռոբենը կամ Ռիբերին կկարողանան նրան հիմնական կազմից դուրս մղել, երբ ապաքինվեն վնասվածքներից:

- Այո, հիմա շատ բան կախված է հենց իրենից: Սակայն բոլորի համար էլ դժվար է լինելու, չէ որ «Բավարիայում» շատ մեծ մրցակցություն է:

- Նայելով Մայնցի մարզադաշտին, չէիք մտածու՞մ ֆուտբոլային մեծ տոնի մասին: Հատկապես որ Երևանում Ալբանիայի դեմ խաղում ընդամենը 5 հազար հանդիսական էր հավաքվել…

- Գերմանիայում յուրաքանչյուր խաղ էլ տոն է: Իսկ Երևանում հասկանալի պատճառներով քիչ հանդիսական էր եկել. մենք կորցրել էինք բոլոր հնարավորությունները: Պարտվել էինք գրեթե բոլոր խաղերում, մարդիկ հիասթափված էին: Սակայն ուզում եմ ասել նրանց. ամեն ինչ կանենք, որպեսզի վերադարձնենք նրանց մարզադաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել