Մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ, ավելի ագրեսիվ են, քան այդպիսիք չունեցողները: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտաիայի Ռասքինի համալսարանի գիտնականները՝ հայտնում է lenta.ru-ն:
Համապատասխան հետազոտության հեղինակները, ըստ այդմ, պարզել են, որ ինչքան շատ դաջվածքներ ունի մարդը, այնքան նա ագրեսիվ է:
Հետազոտությունների համար գիտնականները դիտարկել են 20-58 տարեկան 378 անձանց, որոնցից 25,7 տոկոսի մոտ առկա է եղել առնվազն մեկ դաջվածք:
Հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Վիրեն Սվամիի խոսքով՝ ստացված արդյունքների բացատրություններից մեկն այն է, որ հիմնականում ավելի ըմբոստ բնավորություն ունեցող մարդիկ են իրենց կյանքի տխուր կամ վրդովեցնող իրադարձություններին արձագանքում դաջվածք անելով:
«Չնայած, որ դաջվածքներն արդեն սովորական երևույթ են դարձել բրիտանական հասարակության մեջ, մեր հետազոտությունների արդյունքները կարող են օգտակար լինել՝ հասկանալու համար դաջվածքների և ռիսկային պահվածքի միջև կապը»,- ասել է Սվամին:
Նշենք, որ 2012 թվականի տվյալներով տարեկան շուրջ 1,5 միլիոն բրիտանացիներ դաջվածք են անում:



