Մասնագիտությունը` դերասան, երազանքը՝ ծաղրածու լինել․ «Եթե ոչ դերասան, ապա ծաղրածու կլինեի, կրկեսը պայծառ ապագա էի համարում»:Հենց այս խոսքերով երիտասարդների հետ զրույցը սկսեց դերասան Հրանտ Թոխատյանը: Նպատակը մտերմիկ միջավայրում արվեստագետի հետ շփումն էր, միջոցը` տարատեսակ հարցերը: Ջերմ միջավայր գլխավոր հովանավորը հումորն էր, այն էլ` թոխատյանական: Թոխատյանն անկեղծանում է. Սիրում է թատրոնն ամենքից ու ամեն ինչից շատ, այնտեղ դերեր չկան.ինքը բացում է այն թեման, որով կցանկանա շփվել հանդիսատեսի հետ:
Ամենաբարդ կերպարը.
«Մի անգամ հանդիսատեսս միայն մանուկներն էին, այն էլ` ոչ սովորական. 88-ի երկրաշարժից փրկված ու փլատակների մոտ կուչ եկած մանուկները: Իբրև Ձմեռ պապ` գնացել էի Գյումրի` փոքրիկներին մի քիչ ուրախացնելու: Երգեցինք, պարեցինք, հետո հարցրի` ինչ երազանքներ ունեն: Ասացին` մամաներին, պապաներին ե’տ բեր: Անտանելի ծանր էր ինձ համար, սկսեցի արագ-արագ աչքերս թարթել, որ արցունքներս չերևան: Երևի թե կերտածս ամենաբարդ կերպարն էր »:
«Որակավոր դերասանները».
«Հիմա «որակավոր» դերասանները շատ են»,- դժգոհում է Թոխատյանն ու անկեղծորեն նշում, որ այդտեղ իր բաժին մեղքն ունի նաև «Մեր բակ»ֆիլմը: «Ֆիլմի նպատակը ժպիտը երևանյան բակեր վերադարձնելն էր, սակայն մոտեցումն էր սխալ և հենց դա էլ ինչ-որ չափով նպաստեց նրան, ինչն այսօր մենք ունենք»
Արվեստագետը հումորով, բայց նաև տխրությամբ նշում է. «Թատրոնում շատ են աչքերում մատնաքաշներ կրող դերասանները, ցավոք, դերասաններից շատերն այսօր ունեն այդքան պահանջված հացի խնդիրը»: Թոխատյանն այդ ճանապարհը չի ընտրել. Ընկերների հետ, իրնեց իսկ ձեռքերով ստեղծել ու զարգացրել են Երևանի կամերային թատրոնը:
Կոչումները` սպառված
Թոխատյանի համար կոչումները վաղուց սպառվել են, դրանք այն ոսկորնենրն են, որ նետում են արվեստագետին:Ինքն ընդունել է միայն «Ժողովրդական արտիստի» կոչումը, 2004-ին հրաժարվել է«Վաստակավոր դերասանի» կոչումից, քանի որ պատճառաբանել էին,որ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ են տալիս: Իր համար ամեամեծ կոչումը հանդիսատեսի ծափահարություններն ու նոր ներկայացման ծնունդն է:
Հայը` հայի համար
Թոխատյանը հպարտությամբ ասում է` արտասահմանում ընտիր արվեստագետներ ունենք, բայց և զայրույթով հավելում, որ վերջիններս չեն օգնում տեղի արվեստագետներին. «Ջիգարխանյանն ինձ համար մեծություն է, բայց ինչ է անում տեղի արվեստագետի համար, եթե ամեն մեկը մի երկու մաստեր կլաս անցկացներ, ամեն ինչ այլ կերպ կընթանար»:
Հանդիպումն ավարտվեց լավատեսական նոտայով. «Ժպիտով կերտենք վաղվա օրը»,- ասաց Թոխատյանն ու գնաց թատրոն` հերթական կերպարը կերտելու և իր համար ամենաբարձր կոչումը` հանդիսատեսի ծափահարությունները վաստակելու համար:
Լիքը լավատեսությամբ լցված՝ Ն. Գրիգորյան