Սիրելիներս, հաճախ կրկնում եմ՝ եթե կան ձեր մեջ անձինք, որոնք իմ խորհրդի, օգնության կարիքն ունեն, իմացեք՝ ես միշտ պատրաստ եմ ձեր կողքին լինելու, կան հարցեր՝ սիրով, խնդիրներ՝ սիրով, դժվարություններ՝ սիրով, խորհրդի կարիք եք զգում՝ սիրով, իմացեք՝ Հայ առաքելական եկեղեցին և իր հոգևոր սպասավորները միշտ ձեր կողքին են, մենք մի մարմին ենք, և ոչ ոք չի կարող մեր միությունը քանդել։ Որքան զորավոր է մեր միասնականությունը, այնքան զորավոր ենք մենք...ազգովի։
Ահա մեր եղբայրներից մեկը՝ Մուշեղ Բաբայանը, հարց է ուղղել, հարց, որը թերևս ձեզանից շատերին կհետաքրքրի։
ՀԱՐՑ
Աստված օգնական, Հայր Սուրբ: Շատ մարդիկ կարծում են, որ քանի որ մենք Սուրբ Ծնունդը նշում ենք ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ հունվարի 6-ին, ուրեմն հետամնաց ենք և ամբողջ համացանցում կոչ են անում տոնը նշել դեկտեմբերի 25-ին: Ես մի քանիսին փորձեցի ներկայացնել պատմությունը, թե ինչպես Հռոմը միաձուլեց հեթանոսական տոնն ու Սուրբ Ծնունդը, սակայն ինձ արհամարհանքով ու ծաղրով վերաբերվեցին: Ես չնեղացա իրենցից, սակայն իրավիճակը հիասթափեցուցիչ է:

ՊԱՏԱՍԽԱՆ
Սիրելի Մուշեղ Բաբայան, նախ նշեմ, որ մինչև 4-րդ դարը ամբողջ աշխարհում Քրիստոսի Ծնունդը նշվել է 6 հունվարին, 4-րդ դարից հետո, երբ 354թ քրիստոնեությանը դարձավ Հռոմում պետական կրոն, տոնը տեղափոխվել է 25 դեկտեմբեր։ Հռոմեացիների համար այդ օրը համարվում էր տարվա ամենաերկար գիշերը, և դրանից հետո օրերն սկսում էին երկարել, հետևաբար այդ տոնը՝ արևադարձի, փոխարկվեց քրիստոնեական տոնի և հունվարի 6-ը դարձավ դեկտեմբեր 25, սակայն առ այսօր հունվարի 6-ը համարվում է երեք թագավորների-մոգերի օր, իսկ ե՞րբ նրանք եկան, Քրիստոսի ծննդյան օրը։ Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր կարծում են՝ օտարների տոներն ընդունելով է, որ մենք պիտի պահենք մեր իրական քրիստոնեական արժեքները, չարաչար սխալվում են։ Նմանների համար մի բան պիտի պարզ լինի՝ ինչ որ օտարինն է, դա դեռ լավը չէ, այլ լավը այն է, ինչ որ իրական է և ճշմարիտ։ Ցավոք, միշտ գերտերություններն ամեն ինչում փնտրում են իրենց շահը՝ կամենալով ամեն բան անել այնպես, որ մյուսներն, ընդօրինակելով իրենց, կորցնեն սեփականը՝ ազգայինը, իսկ հայերս միշտ մտածել ենք պահելով մերը, որի արմատները հին են ու ավանդական, պատմական, պահենք նաև ազգայինը, որը մեր էության անքակտելիությունն է։ Մի հավատացեք բոլոր նրանց, որոնք որպես վարձկան հովիվներ ծառայում են ոչ թե իրենց իսկ ազգայինին ի շահ, այլ այլոց շահի ծրագրերին որպես քարտուղար...
Մնամ միշտ աղոթող ձեզանից յուրաքանչյուրի հաջողության և ընտանեկան երջանկության, հավատքի ամրապնդման համար, միշտ Ձեր.
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել