Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրականում բավարար է քնել 6-7 ժամ: Մասնագետներն ուսումնասիրել են Տանզանիայի, Նամիբիայի և Բոլիվիայի բնիկների քնի ռեժիմը` ենթադրելով, որ ժամանակակից քաղաքակրթության բարիքներից զուրկ այդ մարդիկ քնում են այնքան, ինչքան մեր նախնիները, գրում է The Daily Mail-ը:
94 կամավորների դաստակներին ամրացրել են հատուկ սարք, ինչը գրանցել է քնի և սթափ լինելու ժամանակները և լուսավորվածության մակարդակը: Կամավորները այդ սարքերը կրել են 1000 օր: Պարզվել է, որ նրանց մեծ մասը քնել է օրը 7 ժամից քիչ: Քնի միջին տևողությունը եղել է 6 ժամ 25 րոպե:
Չնայած դրան, նրանք ավելի առողջ են եղել, քան զարգացած երկրների բնակիչները: Մասնագետները նկատել են, որ կամավորները գնացել են քնելու մութն ընկնելուց 3 ժամ 25 րոպե հետո: Այդ ցեղերից մեկի մոտ նույնիսկ չի եղել անքնություն բառը:
Մասնագետները ենթադրում են, որ գաղտնիքը ջերմաստիճանի մեջ է: Գիշերն այն աստիճանաբար նվազել է, և կամավորները վեր են կացել օրվա ամենացուրտ ժամանակ: Իսկ զարգացած երկրներում մարդիկ քնում են սենյակային ջերմաստիճանում, ինչը գործնականում չի փոխվում:



