Ազնավուրն ինձ շատ նվերներ է արել` սկավառակներ, գրքեր, համերգի հրավիրատոմսեր: Բոլորը` ինքնագրերով: 

Նրա հերթական ինքնակենսագրականը լույս տեսավ 2009-ին: Աղջկաս ծնվելուց մի քանի օր հետո էր: Գիրքը կոչվում է «Ցածր ձայնով»: Մանեի անունով ընծայագիր խնդրեցի: Առաջին էջում գրեց «Pour Mané avec amitié»-ն, էլի ինչ–որ բան ու «Բարի գալուստ մեր մոլորակ, Մանե’»:

Երեք-չորս ամիս անց Բերսիի ձայնագրման ստուդիաներից մեկում Ազնավուրն իր Սայաթ-Նովան էր ձայնագրում: Հարցազրույց էլ եղավ: Մեծանուն պետական այրերի էր ուզում հիշատակել, բայց իզուր... Անունները մոռացվում են: 

Ես, որ երբեք վստահ չեմ եղել, թե անունս գիտի` չզարմացա: Մանավանդ, մի անգամ եմ նրան ներկայացել: Մի տասներեք տարի առաջ՝ առաջին ինտերվյուի ժամանակ:

- Արտակ:
- Արտա՞կ…
- Այո:
- Շատ նոր անուն է:
- Չէ…
- Դե, մի ժամանակ Մարտիրոս, Կարապետ… էս տեսակ անուններ էին դնում:
- Դեմ չեմ, Մարտիրոս ասեք: Միայն թե… համաձայնեք պատասխանել հարցերիս:

Մեր ծանոթությունից յոթ տարի և Մանեի անունն ընծայագրի մեջ երկու անգամ նշելուց երեք–չորս ամիս հետո էր. Բերսիի ձայնագրման ստուդիայում ինտերվյուն ավարտեցինք: Խորտկարան գնացինք: Ազնավուրը մանկական մենյու պատվիրեց` ավելի թեթև է ու փոքր չափաբաժնով: 

-Երեխաներն իրենց բերանի համը ավելի լավ գիտեն,- ընտրությունն արդարացրեց Ազնավուրը ու, թե` փոքրիկ փարիզուհին` Մանեն լա՞վ է… 

Այս անգամ, երբ Ազնավուրը Երևանում էր, մտածեցի՝ մի անգամ էլ ես զարմացնեմ նրան: Օրիգնիալ նվեր Վերնիսաժում չես գտնի, որքան էլ շաբաթ–կիրակի թափառես այնտեղ: 

Նորից Վերնիսաժում էի, երբ զանգեց հռչակավոր միկրոքանդակագործ Էդուրադ Տեր- Ղազարյանի հարսը, նրա տաղանդավոր թոռան` միկրոքանդակագործ Էդուարդ Տեր- Ղազարյանի կինը` Արևհատ Գրիգորյանը: 

-Ամուսինս Ազնավուրի համար աշխարհի ամենափոքր խաչքարն է քանդակում: Կհասցնե՞ս Ազնավուրին: 

Ազնավուրի հետ ինտերվյուն արդեն ավարտվում է: Զարմացնելու ոչինչ չունեմ: Վերջին պահին հասան Էդուարդն ու Արևը` գինու շշի տոպրակով: 

Ազնավուրին ուզում եմ ասել` հիմա Ձեզ կփոխանցեմ աշխարհի ամենափոքր խաչքարը` արված 1.7 մմ բյուրեղապակու վրա: Բայց… միկրոսկոպի մեջ ուրիշ քանդակ է` փիղը մազի ծային… 

Աշխարհի ամենափոքր խաչքարն ընդամենը կես ժամից էր պատրաստ լինելու: 

Մեկ օրից Ազնավուրի խաչքարն Էդուարդը ինձ նվիրեց: Ընդունեցի: Մի թեթև դիմադրելուց հետո և մեծ շնորհակալությամբ, անշուշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել