Վերջերս կատեգորիկ դուրս չեմ գալիս քաղաքի կենտրոն՝ շունչս կտրվում է: Երկար տարիներ շարունակ տնից գնում էի աշխատանքի, աշխատանքից` տուն: Ճանապարհին միայն տեսնում էի մռայլ դեմքեր, խցանումներ, հայհոյանք, որը կարծես դարձել է ընդունելի երևույթ, և քաղաք, որը կարծես հազիվ է դիմանում այդ ամենի ճնշման տակ: Հիմա, երբ աշխատանք չունեմ, մեկուսացել եմ իմ աշխարհի մեջ և մի տեսակ հանգիստ եմ: Շրջապատս իհարկե անընդհատ մեղադրում է, որ դուրս չեմ գալիս տնից ու չեմ տեսնում, թե ինչպես է «ծաղկում» մեր քաղաքը: Իմ համար չակերտների մեջ , իսկ դուք, սիրելի ընթերցող, կարող է և այլ կերպ եք տեսնում էդ ծաղկման երևույթը: Ես կորցրել եմ իմ վարդագույն ակնոցները ու ոչ մի կերպ չեմ գտնում: Գտնողին խոստանում եմ 100 դրամ դրամական պարգև: Ավել չունեմ էլ նույնիսկ, ու հենց գործ գտնեմ էս վարդագույն քաղաքում ՝ գումարը կավելացնեմ:
Անցնեմ բուն թեմային…
Դուրս եկա տնից, պետք էր …գործ ունեի: Էլ չեմ մանրամասնում կատարելագործված խցանումների , մեքենաների վրայով թռչող կամիկաձեների , աջից- ձախից հայհոյանքների տեղատարափի և այլնի մասին …
Եթե ասում եք տեղում կլինեք 15 րոպեից, հաստատ իմացեք, որ տեղում կլինեք մինիմում 30 րոպեից:
Վերջացրի գործերս ու մի ժամ ազատ ժամանակ ունեի, մինչ համերգի սկսվելը, որը շատ էի ուզում լսել: Մտածեցի մի քիչ քայլեմ Երևանի գիշերներում…էդքան խոսում են, ասում են, գրում են՝ էս եղավ, էն եղավ, արձան դրեցին, արձան ջարդեցին, միջոցառում եղավ , շատ լավ եսիմ ինչ գրող ու ցավ եղավ…
Մի շտապեք դատել ինձ, կարդացեք համբերատար…
Հայեր ու՞ր եք, ու՞ր…հայ եմ փնտրում ամբողջ Երևանով ու չեմ գտնում: Չկան հայերը, չկան մեր ճանաչած հայերը…
Շեղվելու եմ էլի թեմայից…խառը մտքերի շարադրանքը ավելի է ստիպում կարդալ, հետաքրքիր դարձնում: Ես գրում եմ հետաքրքիր ու հասարակ մարդկանց համար: Գրում եմ էնպես ոնց ուզում եմ: Չափից ավելի ՃԻՇՏ ՄԱՐԴԻԿ՝ «слишком правильные люди», կարող են և չկարդալ, կարող են և կարդալ, կարող են նույնիսկ մեկնաբանել, քննադատել…մենակ չասել՝ ժառգոնով է գրված… «слишком правильные люди», բարի եղեք տարբերել սլենգը ժառգոնից…
Ուրեմն շեղվեցինք…
Երեք ամսով Վիլնյուս էի մեկնելու: Ինստիտուտը լավ սովորող ուսանողներին տանում էր պրակտիկան էնտեղ անցնելու: Մայրս անհանգիստ էր, անընդհատ ասում էր, թե էնտեղ հայերի նման չեն, անտարբեր ազգ են, կարող է մի բան պատահի , վատ զգաս քեզ ու փողոցում ընկնես…ով ա՞ մոտենալու, ոչ մեկը տիրություն չի անի էդ պահին: Օտար տեղ ա, ես ի՞նչ իմանամ ոնց կլինես:
Դա Սովետի ժամանակ էր, 88 թվին: Հիմա չգիտեմ՝ անտարբեր են թե տարբեր..
Խեղճ մայրս ինչ իմանար, որ մեր հարազատ քաղաքն էլ է անտարբեր մարդկանց քաղաք դառնալու:
Առաջ՝ երբ մեկը վատ էր զգում իրեն կամ մի անշնորհք բան էր անում, մարդիկ հավաքվում էին, շտապ օգնում, վատ արարք թույլ տված մարդուն սաստում էին, վերջինս էլ հասկանում էր, ներեղություն խնդրում ու գլուխը կախ գնում: «Ներողություն» բառը վերացել է մեր լեքսիկոնից, ի՞նչ ներեղությու՜ն , ի՞նչ բա՜ն …չե մի չէ …ամեն մարդ ունի իր տեսակետը, էդ տեսակետը 100% ճիշտ է ու քննարկման չի ենթարկվում…ՎԵՐՋ… Հիմա փորձիր մեկին սաստել: Չեն նայի կին ես, տղամարդ, ահել թե ջահել…էնպես կնախշեն , որ «եթե կին ես»՝ ինքդ կամաչես: Տղամարդկանց գործը ավելի բարդ է. եթե սաստելուց հետո կոտլետի չվերածվեցիր (լ ավագույն դեպքում), ուրեմն հերոսի կոչում էլ կարելի է տալ:
Այ հիմա հաստատ հասա բուն թեմային «հազիվ հասա»:
Քայլում էի բանուկ փողոցներից մեկով, հոգնեցի՝շատ էի քայլել: Որոշեցի նստել մոտակա նստարանին : Մի կին նկատեցի պատի տակ, ոչ նստած էր, ոչ` պառկած…մի տեսակ տարօրինակ էր: Մտքերով էի ընկել, բայց անընդհատ աչքս այդ կնոջ վրա էր, կարծես զգում էի, որ ինչ որ մի բան էնպես չէ, որովհետև ողորմության ձեռք չի մեկնել, ալկաշ չի, բոմժ չի: Չդիմացա ու մոտեցա…հազիվ էր շնչում...Կնոջը ինսուլտ էր խփել: Ես դա հասկացա 5 րոպե հետո, որովհետև 10 տարի ինսուլտներ տարած մայր եմ պահել ու գիտեմ բոլոր նշանները: Պանիկայի մեջ սկսեցի վազել այս ու այն կողմ, օգնություն եմ խնդրում մարդկանցից: Մեկը մատն է վեր տնկում, էն մեկը՝ արհամարում, մյուսը՝ չլսելու տալիս , մեկը ասում՝ վռազ եմ, մյուսը՝ «թե բոմժ ա էլի, ի՞նչ ես խառնվել», էն մյուսը թարս է նայում, որը, շատ սպառիչ ու լակոնիկ պատասխան է, թարս նայել նշանակում է «ռադ էղի»:
Արդեն ջղայնությունից կալաշնիկովի ավտոմատի մասին էի մտածում, որ էդ անտարբեր մասային վերացնեմ… չասեք որ ես դաժան եմ…
Մարդը վատացել ա …էդ վատանալը հո չի սպասում, հասնես տուն, նոր վրա տա: Կարա չէ՞ դրսում էլ պահի տակ գա Գաբրիել հրեշտակը ու թեթև բարևի, մարդն էլ մնա անտարբերության մեջ, Գաբրիելն էլ կտեսնի տիրություն անող չկա, կվերցնի ու կգնա…
Լավ էր ոստիկան հանդիպեց, վազեցի, բացատրեցի եղելությունը: Մոտեցավ , կապնվեց շտապ օգնության հետ : Այ հիմա արդեն մարդիկ հավաքվեցին… Բա արդեն թեմա էր երևում, բա չիմանա՞ն՝ ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, ի՞նչ են էսօր պատմելու սրան- նրան …
Մարդ եղեք, մարդիկ, էս ի՞նչ եք դառել, էս ի՞նչ քանդվող ապագա եք ստեղծում:
Ես արդեն չեմ ուզում գնալ դեպի «պայծառ» ապագան, ես պայծառ անցյալն եմ ուզում…
Ու ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը, ոչ ոք ապահովագրված չի նմանատիպ իրավիճակից: Մի պահ մտածեք, որ վաղը ձեր հետ նույնը կարա լինի և ձեր կիսաբաց աչքերը միայն կտեսնեն անտարբեր քայլող մարդկանց ոտքեր…
Համերգից բնականաբար ուշացա, սիրտ էլ չկար արդեն համերգի: Դասական համերգի փոխարեն տխուր ֆիլմ տեսա, որի գլխավոր հերոսը ես էի, էպիզոդներում՝ անտարբեր մարդիկ…
Մինչ ես գրում էի էս պատմությունը, լուր եկավ մորեղբորս մահվան մասին: Հիվանդ էր ու էլ չէր կարող աշխատել, իսկ ընտանիքն էլ՝ կինն ու զավակները, հանեցին տնից դուրս, բացատրելով`
«Հերիք չի հիվանդ ա, փող էլ չի կարա աշխատի, մի հատ էլ բեռ ա դառել»…
Հիմա որ հարցնում են, թե ինչի՞ց մահացավ, չեմ ասում հիվանդությունից, այլ ասում՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ …
Անգամ եթե հարազատդ է անտարբեր, էտ դեպքում էլ ի՞նչ սպասես օտարից…
Հ.Գ. Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում կարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:
Լեոնիդ Ենգիբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել