Հիսուսը, քաղաքներն ու գյուղերը շրջելով, ուսուցանում էր՝ հետզհետե ուղղվելով դեպի Երուսաղեմ։ Մեկը հարցրեց նրան.
-Տե՛ր, արդյոք քչե՞րն են միայն փրկվելու։
Հիսուսն ասաց նրան.
-Ջանացե՛ք մտնել նեղ դռնով։ Ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Երբ տանտերը մտնի և դուռը փակի, դրսում կմնաք. Կսկսեք դուռը բախել և ասել. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց դուռը մեզ համար»։ Տանտերը կպատասխանի. «Չգիտեմ, թե որտեղի՛ց եք»։ Այն ժամանակ կասեք. «Քեզ հետ կերանք և խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր մեզ»։ Նա կպատասխանի. «Ասում եմ ձեզ, թե չգիտեմ՝ որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձնից դուք բոլորդ, անիրավնե՛ր»։ Այն ժամանակ դուք լաց կլինեք և կկրճտեք ձեր ատամները, երբ տեսնեք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և բոլոր մարգարեները Աստծու թագավորության մեջ են, մինչդեռ դուք դուրս եք թողնված։ Արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից կգան մարդիկ և կբազմեն Աստծու թագավորության մեջ։ Եվ ահա այսպես շատերը, որ հիմա վերջինն են, կլինեն առաջինը, շատերն էլ, որ առաջինն են, կլինեն վերջինը։
Փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին.
-Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել:
Հիսուս պատասխանեց.
-Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»: Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս սպանվի:
-Երուսաղե~մ, Երուսաղե~մ, դու, որ սպանում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված պատգամաբերներին, քանի~ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է իր ձագերին հավաքում թևերի տակ, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք: Ահա «պիտի լքվի ձեր տունը»: Եվ ասում եմ ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
(Ղուկասի ավետարան 13:22-35)



