keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

2015 թվականի 5 ամենատարօրինակ ու զավեշտալի դատական հայցերը

visibility 1655 commentմեկնաբանել

Самые странные судебные иски 2015 года в США

Եթե դուք միշտ պատրաստ եք դատական հայց ներկայացնել՝ վնասն ու պատճառված անհանգստությունը ֆինանսապես կոմպենսացնելու համար, ապա ԱՄՆ-ը լավագույն երկիրն է ապրելու համար, որովհետև ամենաանհեթեթ ու ծիծաղելի դատական հայցերը հենց այնտեղ են լինում։ Ձեզ ենք ներկայացնում անցնող տարվա ամենատարօրինակ, զավեշտալի ու զվարճալի դատական հայցերը, որոնք ներկայացվել են ամերիկյան դատարաններ։

1. Ընտանեկան մի տոնակատարություն վերածվեց բարեկամների միջև մեծ վիճաբանության։ 8-ամյա Շոն Տարալան բոլորի հետ նշում էր իր մորաքրոջ տարեդարձը Մանհեթենում գտնվող նրա տանը։ Տեսնելով իր բարեկամուհուն՝ փոքրիկ Շոնն արեց այն, ինչ սովորաբար անում են կարոտած բալիկները՝ ցատկեց մորաքրոջ գիրկը, որպեսզի ողջագուրվի։ Արդյունքում մորաքույրը՝ Ջենիֆեր Կոննելը, ընկավ ու կոտրեց արմունկը։ Ակնհայտ է, որ սա պարզապես դժբախտ պատահար է, ու ոչ մի չարամիտ դիտավորություն չի եղել, սակայն կինը դատի տվեց իր զարմիկին։

Կինը հայտարարեց, որ ութամյա երեխան բավական գիտակից է, որպեսզի հասկանա, որ չի կարելի մորաքրոջ վրա ցատկել, և դա հղի է խնդիրներով։ Բարեբախտաբար, դատարանը ողջամիտ գտնվեց. ատենակալներին 25 րոպեն հերիքեց, որպեսզի նրանք արդարացնեն երեխային ու մերժեն 127 հազար դոլարի հայցը։

2. ԱՄՆ ռազմածովային նավատորմի վետերանը դատի է տվել կառավարությանը և պահանջում է 5 միլիոն դոլար փոխհատուցում, քանի որ Սան Ֆրանցիսկոյի ազգային արգելոցում նրա գլխին եղևնու 7 կիլոգրամանոց կոն էր ընկել։ Նրա փաստաբանը՝ Սկոտ Ջոնսոնը, պնդում է, որ իր գործատու Շոն Մեյսն ուղեղի անդառնալի վնասվածքներ է ստացել ու այժմ վախենում է փողոց դուրս գալ, որովհետև խուճապային վախեր ունի, որ ցանկացած պահի նրա գլխին ինչ-որ բան կարող է ընկնել։

Ուշագրավ է, որ պատահարի պահին Մեյսը քնած է եղել ծառի տակ։ Արգելոցի ղեկավարությունը նշել է, որ այդ եղևնու շուրջ պատնեշ էր շարված, բայց Ջոնսոնին այս փաստարկը համոզիչ չի թվում։ Պարզաբանելով իրենց դիրքորոշումը՝ նա հայտարարել է, որ արգելոցի ղեկավարությունը մեղավոր է, քանի որ անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկել ու հիմա էլ չի ձեռնարկում, մինչդեռ այնտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ ու դպրոցականներ են այցելում։

3․ Սիեթլում բնակվող մի ընտանիք կանգնած է կես միլիոն դոլար կորցնելու վտանգի առաջ՝ իրենց սիրելի շան պատճառով։ Ոմն Վուդրո Թոմպսոնը դատական հայց է ներկայացնում դատարան, որում նշում է, որ այդ շան հաչոցի ձայնը գերազանցում է 128 դեցիբելը։ Դա ավելի բարձր է, քան կայծակի որոտը և թռիչքուղուց պոկվող ռեակտիվ ինքնաթիռի ձայնը։

Շան տիրուհի Դենիզ Նորթոնը սկզբում լուրջ չէր ընդունում այդ ամենը։ «Այն, ինչ նա է անում, տարօրինակ է... Ես չգիտեմ, թե ինչու է նա դա անում... Ես պարզապես չէի կարծում, որ այդ ամենը լուրջ է»,– պատմել է Նորթոնը տեղի հեռուստաընկերություններից մեկին։ Սակայն Թոմպսոնը միանգամայն լուրջ էր տրամադրվել, ու քանի որ շան տերերը չէին ներկայացել դատական նիստին, դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել, և այժմ նրանք ստիպված են վիճարկել դրա կայացրած որոշումը։

4․ Սիեթլից ոչ հեռու բնակվող Թոդ Քիրպատրիկը, ով դատապարտվել էր բանկ թալանելու համար, հիմա դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ. կողոպտիչը վիրավորվել էր ձերբակալության ժամանակ և այժմ պահանջում է 6.3 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում։ «Ակնհայտ է, որ ես զինված չէի ու չէի կարող զինված դիմադրություն ցուցաբերել, իսկ ինձ լուրջ վիրավորեցին»,– գանգատվում է նա։ Նա նաև պնդում է, որ ստացած վերքերի արդյունքում նրա ձախ ձեռքն ու ոտքը երկար ժամանակ անաշխատունակ են եղել։

Քիրպատրիկն այդ կողոպուտն իրականացրել է 2012 թվականի սեպտեմբերին։ Այդ օրը հանցագործության վայրում ոստիկան Դեն Սկոտը նկատում է նրան, ու կողոպտիչը փորձում է փախչել։ Հետապնդման ժամանակ Սկոտը երկու անգամ կրակում է փախչող հանցագործի վրա և վիրավորում նրան։ Ի դեպ, Քիրպատրիկին մեղավոր են ճանաչել 4 բանկերի կողոպուտների մեջ ու դատապարտել են 17 տարվա ազատազրկման։

5․ Նույն Սիեթլում, որին տեղաբնակները Զմրուխտե քաղաք են անվանում, այս տարվա փետրվարին ևս մի ուշագրավ դատական հայց է գրանցվել։ Հարևանները դատի են տվել 8-ամյա Գաբի Մաննի ծնողներին։ Աղջնակը սիրում է կերակրել ագռավներին, ու շնորհակալ թռչունները նրան տարբեր փայլփլուն բաներ էին բերում։ Հայցվորները պնդում են, որ արդյունքում թռչուններն աղտոտում են իրենց տունն ու տնամերձ տարածքն ու կրծողների են գրավում։ Նրանք 200.000 դոլար են պահանջում՝ որպես վնասված ջրահեռացման խողովակների համար փոխհատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել