Newmag.am-ը գրում է.
Բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեկսիևիչը Նոբելյան մրցանակ է ստացել: Գրականության ոլորտի այս մրցանակը Բելառուսի համար առաջինն է, բայց ռուսերենով գրող Ալեկսիևիչի գործերը Բելառուսում չեն հրատարակվում: Նրա ամենահայտնի գործերը չեչենական պատերազմի, Չեռնոբիլի, 90-ականների ու Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին են: Եվրոպայում երկար ապրելուց հետո նա վերադարձել է Բելառուս, որպեսզի գրի իր նոր գիրքը: «Մեդուզային» տված հարցազրույցում գրողը պատմել է իր նոր գրքի մասին և թե ինչպես են եվրոպացիները դիմավորում ներգաղթյալներին:
– Դուք Ձեզ համարում եք սովետակա՞ն, բելառո՞ւս, ռո՞ւս, թե՞ եվրոպացի գրող:
Սվետլանա – Իմ ճակատագիրն, իրոք, այնքան էլ սովորական չէ. գրում եմ ռուսերեն, ծնվել եմ Ուկրաինայում`ուկրաինացու ու բելառուսի ընտանիքում, միանգամից տեղափոխվել եմ Բելառուսիա: Եվրոպականն իմ ու իմ գրքերի կենսագրությունում ավելի շատ է: Այդպես է ստացվել: 12 տարուց ավելի իմ հայրենիքում չեմ եղել: Ապրել եմ Եվրոպայում` Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում: Մինսկ վերադարձել եմ երկու տարի առաջ:
– «Չեռնոբիլյան աղոթք»-ը[1] նախկինի պես Ձեր ամենահայտնի՞ գիրքն է:
– Այս պահին ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է «Սեքնդ հենդ ժամանակ»-ը[2]:
– Թվում էր` 90-ականները միայն սովետական ընթերցողին պիտի հետաքրքրեին:
– Ոչ, ոչ: 90-ականները հասկանալն ու վերապրելը համաշխարհային միտում է: Եվրոպան այդ տասնամյակում բոլորովին այլ էր, ես արդեն այնտեղ էի ապրում: Հիշում եմ` ընկերուհուս հետ մոլորվել էինք ինչ-որ տեղ` Գերմանիայում, և չէինք կարողանում կողմնորոշվել: Կանգնացրինք գերմանացի մի զույգի, որ ճանապարհը ցույց տան: Աստված իմ, ի՜նչ սկսվեց, երբ իմացան, որ ռուս ենք: Նրանք մեզ համբուրում էին, գրկում, ուրախանում էին մեզնով: Գիտե՞ ք, հետո ես երկար եմ ապրել Գրեմանիայում ու հասկացել եմ, որ գրեթե անհնար է, որ գերմանացիները անծանոթ մարդուն այդպես գրկեն ու համբուրեն: Այն ժամանակ բոլորը, կարծես, խելագարված լինեին:
– Այժմ այդպես չէ՞:
– Ոչ: Հիմա ամենևին այդպես չէ: Եվրոպան էլ է փոխվել: Փոխվել է հետաքրքրության վեկտորը:
– Այսօր ի՞նչն է հուզում Եվրոպային:
– Եվրոպան մարդկայնության քննություն է հանձնում: Եվ, կարծում եմ` անթերի է հանձնում: Ես նոր եմ եկել իտալական հինավուրց Մանտույա քաղաքից: Տեղի ինտելեկտուալները ինձ հրավիրեցին «Բոբիկների երթի»: Այդպիսի երթ առաջին անգամ անցկացվել է Վենետիկում, հիմա բոլոր քաղաքներում կա: Մարդիկ հանում են իրենց կոշիկները ու ոտաբոբիկ քայլում են քաղաքում` ի նշան ներգաղթյալների հետ համերաշխության: Դուք պետք է տեսնեիք այդ մարդկանց դեմքերը: Եվ այն էլ` Իտալիայում, որտեղ ազգայնականությունը շատ ուժեղ է: Մի խոսքով, Եվրոպան պատվով է դուրս գալիս իրեն բաժին հասած փորձություններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



