Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քիչ առաջ հրապարակեց Դողու Փերինչեքի գործով վճիռը, որով ճանաչվեց, որ Շվեյցարական դատարանը, որը դատապարտել էր Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության հերքման համար, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը և խոչընդոտել է խոսքի ազատության իրավունքը։
Միևնույն ժամանակ կայացված դատավճռում հնարավորինս խմբագրվել ու հայանպաստ ձևակերպումներ են ստացել բուն Ցեղասպանությանը վերաբերող հատվածները, որպեսզի դատավճռում ակնհայտ լինի, որ Ցեղասպանությունը կասկածի տակ չի առվում, պարզապես վիճարկվում է խոսքի ազզատության մարդու իրավունքը։
Սա կարելի է որակել որպես երկակի խաղ, որով ՄԻԵԴ-ն ուզում է մի կրակոցով երկու նապաստակ խփած լինել, որովհետև հայտնի է, թե ինչ ցավագին է վերաբերվում եվրոպական ատյանների ցանկացած հայանպաստ որոշման Թուրքիան, իսկ մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ում էլ են հասկանալու, որ Թուրքիային հաճոյանալու համար կա որոշակի սահման, որն անցնել չի կարելի։
Արդյունքում կայացվել է այս վիճահարույց փոխզիջումային վճիռը, որը միտված է բավարարելու թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային, բայց կարող է գործնականում ստացվել այնպես, որ դրանից դժգոհ մնան թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը, թե՛ Շվեյցարիան և թե՛ եվրոպական հանրությունը։