Մեր օրերում հաճախ կարելի է լսել գանգատներ, որ Հայաստանում հեռուստատեսությամբ միայն աղբ ու ցածրորակ բաներ են ցույց տալիս, դրա համար էլ գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է նայում հեռուստացույց ու հատկապես՝ հայկական ալիքներ։ Իհարկե, առանց ծուխ կրակ չի լինում, ու այս անգամ էլ դժվար է ասել, որ նման մեղադրանքները բացարձակ անհիմն են, սակայն ինչպես ցանկացած օրինաչափության մեջ, այնպես էլ այստեղ լինում են բացառություններ, որոնք կարող են հաճելի էլ լինել։
Օրինակ՝ մեր եթերում ունենք հաղորդումներ, որոնց համար չես ամաչում, և անգամ ունենք այնպիսի հաղորդումներ, որոնց համար նույնիսկ կարելի է հպարտանալ, որովհետև դրանք իսկապես միջազգային որակի կոնտենտ են տալիս։ Այ հենց այսպիսի հաղորդում էլ մեր սիրելի «ԱրմՔոմեդին» է, ու այսօր, երբ նայեցի Քոնան Օ՛Բրայենի հետ ամբողջովին անգլալեզու հումորային հարցազրույցը, հասկացա, որ ես ոչ թե սիրում եմ այս պրոյեկտը, այլ հիանում եմ դրանով։
Փաստորեն, բացի նրանից, որ տղաներն արդեն մի քանի տարի շարունակ շաբաթը մի քանի անգամ կարողանում են եթեր դուրս գալ և նույնիսկ այդպիսի ինտենսիվության պարագայում չեն գցում հաղորդման որակը, բացի նրանից, որ նրանք շատ հաճելի, ոչ վուլգար ու ծիծաղելի քաղաքական երգիծանք ու հումոր են գեներացնում ամեն անգամ, նրանք նաև այնքան պատրաստված են ինտելեկտուալ ու մասնագիտական առումով, որ կարողանում են համաշխարհային հռչակ ունեցող հումորային ժանրի հաղորդավարի հետ հավասար մակարդակի հարցազրուցային ֆորմատի հումորային շոու անել՝ առանց թարգմանիչների ու այլ կողմնակի անձանց միջամտության։ Այ սա իրոք տպավորիչ է, ու կեցցեն տղաները։
Կարծում եմ, որ «ԱրմՔոմեդին» մեր հեռուստաեթերի ամենահաջողված ու խոստումնալից պրոյեկտներից է, որի վերելքը դեռ նոր է սկսվում, և վստահ եմ, որ եթե տղաներն այսպես շարունակեն, շուտով կգա այն օրը, երբ «ԱրմՔոմեդին» կփորձեն թխել նաև այլ երկրներում, բայց կասկածում եմ, որ կարողանան մրցակցել մերոնց հետ որակի ու հաջողվածության առումով։