Հոկտեմբերի 14-ի երեկոյան Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ուղերձով դիմել է պաղեստինցի ժողովրդին, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Այս մասին հաղորդում է NEWSru-ն:
Մահմուդ Աբասն Իսրայելին մեղադրել է պաղեստինցի դեռահասների և երեխաների սառնարյուն սպանության մեջ, իսկ լարվածության նոր բռնկման մեջ պատասխանատու համարել Իսրայելի կառավարությանը:
Նա հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդը մտադիր չէ Օսլոյում խաղաղության համաձայնագրի գերին մնալ» և կշարունակի իր պայքարը, այդ թվում` նաև Իսրայելի դեմ դատական հայցերի միջոցով:
Աբասը զգուշացրել է, որ ներկայիս դրությունը կարող է հանգեցնել «կրոնական պատերազմի», որն ազդեցություն կթողնի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա:
«Մենք երբեք չենք համաձայնի Էլ-Աքսայի մզկիթի ստատուս քվոյի փոփոխության հետ»,- հայտարարել է նա` հավելելով, որ պաղեստինցիները «խաղաղ ու օրինապահ ժողովուրդ են, սակայն նրանք չեն հաշտվի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում ներկա դրության հետ»: