Արդեն բաց տեքստով խոսվում է Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն ստեղծելու և գալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցություն ունենալու մասին: Ոմանք սա համեմատում են Հայաստանում Վրաստանի մոդելը կիրառելու հետ, Բիձինա Իվանիշվիլու և Աբրահամյանի միջև զուգահեռներ են տանում, սակայն, իմ կարծիքով, դրանք անհամեմատելի են: Նախ` Բիձինա Իվանիշվիլիի գալստով վերջ դրվեց ամերիկամետ Սահակաշվիլու վարչակարգին, սակայն Հայաստանում նման խնդիր չկա` մեր իշխանություններն իրենք իրանցով էլ ռուսամետ են: Բիձինա Իվանիշվիլին կոնկրետ Պուտինի կողմից հրահանգավորված եկավ, կատարեց իր առաջադրանքն ու գնաց, իսկ այս դեպքում երևի Պուտինն ասել է` «ինչ ուզում եք՝ արեք, այ մարդ, հա՛, ես թողնում եմ»: Հետո, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «կատվի վազքը մինչև մարագն է», անհնար է, որ Արա Աբրահամյանի նորաստեղծ ՕԵԿ-ական հենքի վրա կուսակցությունը բարձր կամային հատկանիշներ ունենա. Սերժ Սարգսյանի առաջին իսկ «փիշտ» անելու դեպքում, մոտ 7-10 տոկոս ձայն ունենալով (որն, ի դեպ, իրատեսական է), Դաշնակցության հետ կոալիցիա կկազմի (Դաշնակցությունը նույնպես, ինչպես բոլոր մյուս խորհրդարանական ընտրություններին, կունենա մինչև 10 տոկոս ձայն), ու այսպիսով կկազմվի նոր խորհրդարանական կոալիցիա, որը կլինի մեծամասնություն խորհրդարանում: Այս սցենարն իրագործվում է Սերժ Սարգսյանի լուռ համաձայնությամբ, քանի որ մեծամասնական ընտրակարգի վերացման պայմաններում համեմատաբար դժվար է լինելու ՀՀԿ-ի համար խորհրդարանում նշանակալի մեծամասնությունը կազմելը: Մինչև հիմա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին համարյա առանց բացառության, անկախ կուսակցական պատկանելությունից, կարելի էր ընդգրկել ՀՀԿ-ի շարքերը: Այսինքն՝ ինչ-որ կերպ պետք է լրացնել այդ բացը` ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի որևէ կերպ իշխանության վերարտադրությունը սահուն կերպով կազմակերպելու համար, որը և արվում է: Այսինքն՝ Արա Աբրահամյանն ուղղակի ծառայություն է մատուցում Սերժ Սարգսյանին և միայն այսքանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1034695253236972
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել