Tert.am-ը գրում է.

Երկօրյա այցով Հայաստանում էր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Հոկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պաշտոնական հանդիսության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արթուր Աբրահամին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Նախօրեին Tert.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ, ստորև ներկայացնում ենք բացառիկ հարցազրույցը։


 

-Արթուր, Երևանի պատվավոր քաղաքացի եք, ի՞նչ եք զգում:

- Մեծ պատիվ է: Ուրախ եմ և շնորհակալ: Ես շատ եմ լինում աշխարհի մեծ ու շքեղ քաղաքներում, բայց Երևանն ինձ համար եղել և մնում է ամենագեղեցիկ, ամենալուսավոր և ամենահարազատ քաղաքը. չէ՞ որ այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել: Սրանք ինձ համար պատահական խոսքեր չեն, ես իրոք հենց միայն Երևանում եմ լիարժեք հանգիստ վայելում, այստեղ իմ ընկերներն են, հարազատներն են, երազանքներով լի մանկությունս է, իմ տունն է, իմ անցյալն է, ներկան է, ապագան է…


- Դուք վերջերս պարտության մատնեցիք Ռոբերտ Շտիգլիցին՝ պաշտպանելով WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ է սպասվում դրանից հետո:

 

 

-Շտիգլիցի հետ մենամարտ, կարծում եմ, այլևս չի լինի: Հենց նա էր հայտարարել, որ ինքն այլևս չի ցանկանա ինձ հետ մենամարտել: Ամեն դեպքում, ես միշտ պատրաստ եմ մենամարտելու և ընդունելու ինձ ուղղված մարտահրավերները: Հաջորդ մենամարտս նոյեմբերի 21-ին է կայանալու, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Մրցակիցս բրիտանացի Մարտին Մուրայն է:

 


 

- Ի՞նչ կասեք Մարտին Մուրայի մասին:

-Երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Եթե Մարտին
Մուրայը հավակնում է դառնալ աշխարհի չեմպիոն, ուրեմն հաստատ թույլ մարզիկ չէ: Ամեն դեպքում, նոյեմբերի 21-ին ես պետք է հաղթեմ` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը:

-Մարտին Մուրայն էլ իր հերթին հայտարարել է, որ ինքն է հաղթելու և դառնալու է աշխարհի չեմպիոն:

-Դե, նա շատ բան կարող է ցանկանալ… Նոյեմբերի 21-ին սպասվում է դասական մենամարտ` Գերմանիան ընդդեմ Անգլիայի: Նման մենամարտերի արդյունքում,  որպես կանոն, հաղթում է Գերմանիան: Խոստանում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի:

-Արթուր, մտածե՞լ եք՝ ինչով կցանկանաք զբաղվել պրոֆեսիոնալ սպորտը թողնելուց հետո՝ մարզչական գործունեություն, բիզնես, և այլն:

-Մարզչական գործունեությամբ հաստատ չեմ զբաղվի: Դա ծանր ու դժվար աշխատանք է, ես տեսնում եմ, թե ինչպես է իմ մարզիչը` Ուլլի Վեգները չարչարվում, տանջվում, այդ ամենը տեսնելով` ես, հաստատ, չեմ ցանկանա նույն գործունեությունը ծավալել: Ամեն դեպքում, որոշ չափով կլինեմ մարզաշխարհում, հաստատ շատ չեմ հեռանա սպորտից: Նախատեսել եմ, որ մարզիկի կարիերաս ավարտելուց հետո Երևանում` իմ ծննդավայրում` Ներքին Չարբախում, հիմնեմ դպրոց, որտեղ երեխաները` թե՛ տղաները,  թե՛ աղջիկները, կսովորեն մարզաձևեր, արվեստ, լեզուներ: Իմ գործունեությունը կշարունակեմ նաև Գերմանիայում, այնտեղ ես իմ գործերն ունեմ և դրանք չեմ կարող թողնել ու հիմնական տեղափոխվել Հայաստան:  Այսինքն` կապրեմ և կաշխատեմ թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում:

 

-Մինչև ե՞րբ եք նախատեսում մնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

 

-Վերջերս երկարաձգել եմ իմ աշխատանքային պայմանագիրը Sauerland Event գերմանական փրոմոութերական կազմակերպության հետ, ըստ այդ պայմանագրի` պրոֆեսիոնալ ռինգում կլինեմ մինչև 2017 թվականը: Կարծում եմ, որ դա կլինի պրոֆեսիոնալ մարզիկի իմ կարիերայի ավարտը:

-Արթուր, չհաշված մի քանի պարտություն, Դուք, որպես կանոն, հաղթում եք: Ի՞նչն եք համարում Ձեր հաջողությունների գաղտնիքը:

-Գաղտնիք չկա, պարզապես պետք է շատ աշխատել, պարապել, հավատալ սեփական ուժերին, լավատես լինել: Կարևոր է նաև ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը: Կյանքի ուղին ընտրելուց հետո այդ ճանապարհին մեզ օգնում են լավ մարդիկ: Ինձ համար անփոխարինելի մարդիկ են ծնողներս և մարզիչս, ովքեր իմ մեջ տեսել են բռնցքամարտիկի ունակություններ և օգնել են ինձ` հարթելու այս ուղին: Բայց արդեն ռինգում ես մենակ եմ: Գիտե՞ք, սպորտում իրար հաջորդող պատահական հաղթանակներ չեն կարող լինել, դրանք ծանր, երկարատև աշխատանքի արդյունք են: Եվ այդ աշխատանքը ոչ միայն մարզումներ է ներառում, այլև առողջ ապրելակերպ: Ես չեմ ծխում, երբեք ոգելից խմիչքներ չեմ օգտագործում, ճարպոտ սնունդը չեմ չարաշահում:

 

-Հեշտությա՞մբ եք անում այդ ամենը:
 

-Այո՛, դա ինձ համար խնդիր չէ: Երբ ավարտեմ մարզիկի կարիերաս, կշարունակեմ իմ առողջ ապրելակերպը:
 

-Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն: Ի՞նչը կցանկանայիք փոխել ինքներդ Ձեր մեջ:
 

-Այո՛, թերություններ ունենք բոլորս: Չնախաճաշելու սովորությունս կցանկանայի վերացնել: Առավոտյան սնվելը օգտակար է ոչ միայն մարզիկների, այլև բոլորի համար: Այնպես որ, բոլորին, այդ թվում ինքս ինձ, խորհուրդ եմ տալիս նախաճաշել:
 

-Արթուր, Դուք անվերջ ուշադրության կենտրոնում եք: Դա Ձեզ դո՞ւր է գալիս:

- Եթե ասեմ, թե ընդհանրապես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, սուտ կլինի, հատկապես, որ դրանում վատ բան չկա: Բայց դրանից ավելի կարևոր բաներ կան ինձ համար` հարգանքը, պատիվը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, ծնողասիրությունը, ընկերասիրությունը և այլն:

 

-Ունե՞ք երազանքներ:

 

-Իհարկե, բոլոր մարդկանց պես ես էլ բազմաթիվ երազանքներ ունեմ, դրանցից մեկը նշեմ` երազում եմ երեք որդի ունենալ:
 

Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել