Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքսի համալսարանի հոգեբանները դառը սննդամթերքի, մասնավորապես՝ սև սուրճի նկատմամբ հակվածությունը կապել են մարդու մոտ փսիխոպատիկ միտումների առկայության հետ: Իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Appetite ամսագրում:
Հոգեբանները ցույց են տվել դառը սննդի հաճախ օգտագործման հարաբերակցությունը մյուսներին մանիպուլյացիայի ենթարկելու, սադիզմի և նարցիսիզմի ձգտման հետ:
Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են մոտ 500 հոգու հակվածությունները քաղցրի, աղիի, դառնահամի և թթվի նկատմամբ: Մասնավորապես, գիտնականները խնդրել են գնահատել այնպիսի մթերքների համը, ինչպիսիք են շոկոլադե տորթը, բեկոնը, քացախը և բողկը 6-կետանոց սանդղակով:
Դրանից հետո մասնակիցներին խնդրել են 4 թերթիկ լրացնել: Դրանցից առաջինը հնարավորություն է տվել չափել ագրեսիվության մակարդակը, երկրորդը՝ մյուսներին մանիպուլյացիայի ենթարկելու հակվածության և նարցիսիզմի, երրորդը մեծ հնգյակի թեստ է եղել (էքստրավերսիա, բարյացակամություն, գիտակցություն, նեյրոտիզմ և ինտելեկտ), չորրորդը՝ սադիստական դրսևորումների աստիճանը: