Մայրաքաղաքի հերթական օրը նշվեց լայնածավալ միջոցառումներով, գեղեցիկ համերգներով, հատկապես մանկական ծրագրերով և ուրախ-զվարթ մթնոլորտում:
Այդ ամենում ամենատխուր բանն արտաքինից գեղեցիկ մարդիկ էին, ովքեր, մինչև հոգու խորքը սմարթֆոնահարված և հատկապես այֆոնահարված, բացարձակապես ուշադրություն չէին դարձնում կազմակերպված միջոցառումներին և, իրենք իրենցով հիացած, նկարվում, ինքնանկարվում և հրճվում էին սելֆիի փայտիկ ունենալու հանգամանքով:
Հույս ունեմ, որ սելֆիի փայտիկ ունենալը նրանց իրոք երջանկացնում է, և նրանք էլ ոչ մի բանի մասին չեն մտածում և չեն երազում: Գործ չունեք, մտածելն ամեն մեկի բանը չի:
Այսօր ուսանողներից իմացա, որ ստեղծվել է սելֆի անելու կոշիկ: Թեպետ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է այն աշխատելու, բայց սրտանց ուրախանում եմ բոլոր նրանց համար, ովքեր ձեռքով և փայտիկով սելֆի անելուց բացի շուտով կկարողանան սելֆի անել նաև ոտքերով: Դա, իրոք, աննախադեպ զարգացում է:
Աբովյան փողոցի բանուկ հատվածներից մեկում՝ հրապարակի մոտ, մի կին էր կանգնած փոքրիկ աղջկա հետ, ում համար գումար և տոնի խորհրդանիշներ (դրոշ, փուչիկ կամ գունավոր պլաստիկից ձողեր) էր խնդրում անցորդներից, բայց, ավաղ, գրեթե ոչ ոք փոքրիկ աղջկան բանի տեղ չէր դնում:
Հ.Գ. Ճիշտ են ասել իմաստունները. «Օրենքները գործում են այն ժամանակ, երբ պակասում է սերը մարդկանց միջև»:



